Կառավարությունը հարկային համաներում եւ արտոնություններ կկիրառի

14.12.2016 | 12:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է հարկային արտոնությունների փաթեթ, որը նախատեսում է հարկային համաներման կիրառում եւ ինքնազբաղված անձանց ազատում հարկումից:

Ինչպես հայտնել են ՊԵԿ մամուլի ծառայությունից, սա «կառավարության հերթական քայլն է բիզնեսին ընդառաջ»:

Օրենսդրական նախագծերի համապատասխան փաթեթն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից:

Մասնավորապես, «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է գործունեության կոնկրետ սահմանված տեսակներով ինքնազբաղված անձանց ազատել հարկումից:

ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով՝ ինքնազբաղված անձանց հարկերից ազատելու մոտեցումը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից:

«Տարեկան մինչեւ 9 մլն դրամ շրջանառություն ունեցող եւ վարձու աշխատողներ չունեցող շուրջ 1570 ինքնազբաղված անձիք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 մլն դրամ»,- ասել է նա:

Խոսքը վերաբերում է, ըստ ՊԵԿ փոխնախագահի, գործունեության 23 տեսակի, այդ թվում՝ հագուստի արտադրություն, նորոգում, փայտյա իրերի պատրաստում, լեզուների ուսուցման դասընթացներ, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում:

Փաթեթով նաեւ առաջարկվում է հարկային համաներում կիրառել մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների վճարման պարտավորություններ ունեցող անհատ ձեռնարկատերերի (ԱՁ) նկատմամբ՝ ազատելով նրանց այդ գումարների վճարումից:

Փոփոխություններով նախատեսվում է սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող ԱՁ-ներին, նոտարներին եւ ինքնազբաղված անձանց ազատել տույժերից:  

Վախթանգ Միրումյանի տեղեկացմամբ՝ այս պարագայում հարկային բեռից կազատվի շուրջ 4300 ԱՁ, իսկ եկամտային ազդեցությունը կկազմի մինչեւ 800 մլն դրամ:

Կուտակային վճարների վերաբերյալ փոփոխություններով նախատեսվում է սոցիալական վճարների գծով օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու համար հաշվարկված տույժերի պարտավորություններ ունեցող ԱՁ-ներին, նոտարներին եւ ինքնազբաղված անձանց ազատել տույժերից:  

Հարկային համաներման շրջանակում առաջարկվում է մինչեւ 2016թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ երկու եւ ավելի գույք օտարած եւ ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց ազատել տույժերից եւ տուգանքներից, ինչպես նաեւ ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնող հարկ վճարողներին ազատել ճշգրտման արդյունքում տույժերի վճարումից:

Ըստ Վախթանգ Միրումյանի՝ ընդհանուր առմամբ այս փաթեթից օգտվողների թիվը կկազմի շուրջ 15 հազ. մարդ, իսկ  եկամտային ազդեցությունը կարող է հասնել 6 մլրդ դրամի:

Օրենքի մեկ այլ նախագծով առաջարկվում է փաստացի գործունեություն չիրականացնող, գույք եւ հարկային պարտավորություններ չունեցող հարկ վճարողներին պարզեցված ընթացակարգով լուծարվելու հնարավորություն ընձեռել:

Ըստ ՊԵԿ-ի՝ այս քայլը պայմանավորված է փաստացի գործունեություն չիրականացրած եւ 2013թ. հունվարի 1-ից 2017թ. հունվարի 1-ը հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին լուծարելու (հաշվառումից հանելու) անհրաժեշտությամբ:

Դիտում՝ 5271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai