Ամերիաբանկը՝ «Բեստ Քարդ» ընկերության հետ համատեղ, մեկնարկել է «Այո» հետվճարային (cashback) ծրագիրը:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը:Նրա խոսքով` ծրագրի շրջանակում հաճախորդները հնարավորություն կստանան գործընկեր առեւտրի եւ սպասարկման սրահներում կատարած յուրաքանչյուր անկանխիկ գնման դիմաց ստանալ հետվճար (cashback)՝ ծախսած գումարի մինչեւ 20%-ի չափով:Հետվճարային ծրագիրը տարածվելու է Ամերիաբանկի բոլոր քարտերի վրա (բացառությամբ նվեր եւ բիզնես քարտերի), ինչպես նաեւ ծրագրի շրջանակում թողարկվող «Այո» Visa Classic եւ «Այո» Visa Gold միջազգային վճարային քարտերի վրա: ««Այո» քարտերը լինելու են ոչ միայն վճարային եւ հետվճարային գործիք. բանկի ստանդարտ վարկավորման գործընթացի տրամաբանության ներքո կարողանալու ենք տրամադրել վարկային գծեր, ինչն էլ ավելի գրավիչ է դարձնելու այս քարտերը մեր հաճախորդների համար»,- ասել է Արման Բարսեղյանը:Նա տեղեկացրել է, որ «Այո» քարտապանները միաժամանակ հնարավորություն կունենան ստանալու լրացուցիչ զեղչեր, անակնկալներ, նվերներ:Ամսվա ընթացքում կատարված գնումների դիմաց հետվճարումն իրականացվելու է քարտապանի՝ Ամերիաբանկում ունեցած հաշվին մինչեւ գնումների կատարման ամսվան հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը:«Այս ծրագիրն առանձնանում է Հայաստանում գործող մնացած ծրագրերից նրանով, որ ներկայում առաջարկում է ամենամեծ գործընկերների ցանկը: Մեկ ծրագրի շրջանակում կարողացել ենք միավորել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, այդ թվում` սուպերմարկետներ, բենզալցակայաններ, հագուստ, կոշիկ, ժամանցի վայրեր, ապահովագրական ընկերություններ: Առաջիկայում նախատեսվում ենք համալրել այս ցանկը»,- ասել է «Բեստ Քարդ» ընկերության գլխավոր տնօրեն Մարինա Դալլաքյանը:Նրա խոսքով` «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության հետ համագործակցության շրջանակում «Այո» քարտի բոլոր քարտապանները կստանան դժբախտ պատահարներից ապահովագրության հատուկ փաթեթ: «Այո» ծրագրի գործընկերների ցանկին, տրամադրվող հետվճարների չափերին եւ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ծրագրի պաշտոնական կայքում: Tweet Դիտում՝ 7185