Ամփոփվել է Armenia StartUp Cup 2016 ազգային առաջնությունը

10.12.2016 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Դեկտեմբերի 7-ին Երեւանում տեղի է ունեցել 4-րդ ամենամյա Armenia StartUp Cup ազգային առաջնության եզրափակիչ փուլը:
 
Հաղթողի կոչմանն արժանացել է Chessfimee թիմը, որի մշակած հավելվածը շախմատասեր հասարակությանն ու պրոֆեսիոնալ շախմատիստներին առաջարկում է ծրագրային ապահովման յուրօրինակ լուծումներ՝ ներառյալ շախմատային վերլուծության ծրագրերի ապահովում:
 
Երկրորդ եւ երրորդ տեղի մրցանակներին արժանացել են Destination եւ Soundsearch թիմերը: Նրանց ներկայացրած բիզնես գաղափարներն ուղղված են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի եւ զբոսաշրջության զարգացմանը:
 
Հաղթող թիմը հնարավորություն է ստացել մրցելու ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ՝ հաջորդ տարի Մարոկկոյում կայանալիք World StartUp Cup-ում:
 
Թիմն արժանացել է նաեւ բիզնեսի զարգացման նպատակով 1 500 000 դրամի համարժեք մասնագիտական վերապատրաստումից եւ խորհրդատվությունից, վեցամսյա ինկուբացիոն ժամանակահատվածից օգտվելու հնարավորության:
 
2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած լավագույն թիմերը համապատասխանաբար ստացան 1 000 000 եւ  500 000 դրամին համարժեք վերապատրաստումից եւ խորհրդատվությունից, ինչպես նաեւ երեքամսյա եւ մեկամսյա տեւողությամբ ինկուբացիոն ժամանակահատվածից օգտվելու հնարավորությունից:
 
Բոլոր երեք թիմերը ստացել են BizNest ձեռնարկատիրական կենտրոնի կողմից անվճար վեբկայք ունենալու հնարավորություն:
 
«Բիզնես սկսելու համար միջավայրը երբեք այսչափ նպաստավոր չի եղել: Այսօր շատ տաղանդավոր մարդիկ կան Հայաստանում, ինչը կարող է գրավել տաղանդաշատ այլ մարդկանց ներհոսք որ ոչ միայն Հայաստանից, այլեւ արտերկրից: Կարիք կա այդ տաղանդն ուղղելու այնպիսի կազմակերպությունների ստեղծման համար, որոնք իրենց գաղափարներով եւ արտադրանքով կլինեն մրցունակ միջազգային մակարդակով: Այս ամենը հնարավոր է մեզ հասանելի տեխնոլոգիայի եւ հաղորդակցության շնորհիվ»,- նշել է ԱՄՆ-ում նորարարական բարձր տեխնոլոգիաների ներդրումային ոլորտում մասնագիտացած The Roda Group-ի ղեկավար Ռոջեր Ստրաուքը:
 
«Ուրախ ենք տեսնել, որ StartUp Cup-ը տարեցտարի ընդլայնվում է: Ես նկատում եմ Հայաստանում ձեռնարկատիրական ոգու եւ ստարտափների գործունեության աննախադեպ աճ: Այս տարի ստացել ենք 156 հայտադիմում Հայաստանի 12 քաղաքներից եւ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից, այն դեպքում, երբ անցած տարի ունեինք ընդամենը 77-ը: Վստահ ենք, որ գալիք տարիներին կունենանք ավելի շատ հայտադիմումներ»,- նշել է Այ Էյ Բի Բիզնեսի միջազգային ակադեմիայի եւ միջոցառման կազմակերպիչ Արաքսյա Մարտիրոսյանը:
 
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանն էլ նկատել է, որ Հայաստանն ունի գիտական մտքի եւ նորարարության մեծ ներուժ:
 
«Եվրոպական Միությունը՝ որպես Հայաստանում ամենամեծ ներդրող եւ դոնոր, ցանկանում է նպաստել Հայաստանում գիտության եւ նորարարության զարգացմանը: Ամենակարեւոր աջակցությունն այն է, որ Հայաստանը կարող է լիարժեք օգտվել հետազոտությունների եւ նորարարությունների իրականացմանն ուղղված Եվրոպական միության ամենամեծ ծրագրից` ԵՄ անդամ պետությունների համար նախատեսված պայմաններով»,- նշել է նա:
 
Առաջնության կազմակերպիչն է Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան, որի առաքելությունն է ապահովել մարդկային ռեսուրսների զարգացումն ու աճը Հայաստանում եւ տարածաշրջանում` առաջարկելով մասնագիտական վերապատրաստման եւ խորհրդատվական ծառայություններ:

Դիտում՝ 3410
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW