Մաքսային արժեքի հայտարարագրերը դեկտեմբերի 1-ից հնարավոր է ներկայացնել նաեւ էլեկտրոնային եղանակով: Ինչպես հայտնել են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մամուլի ծառայությունից, մշակվել է էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմ, որը նվազագույնի կհասցնի մաքսային մարմին-հայտարարատու շփումը: Այսուհետ հայտարարատուն կարող է մաքսային արժեքի հայտարարագիրը ներկայացնել իր գրասենյակից՝ առանց մաքսատուն այցելելու եւ, ցանկության դեպքում, առանց բրոքերի միջնորդության: «Օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերի առկայության դեպքում մաքսային արժեքի հայտարարագիրը ստանալուն պես մաքսային մարմինը պարտավոր է ընդունել տվյալ ապրանքի մաքսային արժեքը՝ ներկայացված գործարքի գնով: Այսինքն՝ մաքսային մարմնի կատարած գործողությունները վերահսկելի են դառնում, քանի որ արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, իսկ մաքսային մարմնի հետ շփման կրճատումը եւս մեկ քայլով նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»,- ընդգծել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանը:Նրա խոսքով` էլեկտրոնային հարթակից օգտվել կարողանալու համար համակարգի ներդրմանը նախորդել է ինչպես մաքսային ծառայողների, այնպես էլ հայտարարատուների եւ մաքսային միջնորդների ուսուցումը:ԵԱՏՄ պահանջներով` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողը պարտավոր է ապրանքների հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին ներկայացնել մաքսային արժեքի հայտարարագիր: «ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն, չցանկանալով լրացուցիչ թղթաբանությամբ մաքսային մարմնի հետ շփումն ավելացնել, միության երկրներից առաջինն է, որ մշակել եւ կիրառում է մաքսային արժեքի հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգ: «Ազգային մեկ պատուհան» պորտալի շրջանակում գործող այս համակարգը բաղկացուցիչ մասն է բեռների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի, որն ամբողջությամբ նախատեսվում է ներդնել 2017թ. առաջին եռամսյակում»,- ասված է հաղորդագրությունում:Հոկտեմբերից մեկնարկած բարեփոխումների շրջանակում ՊԵԿ-ը նախաձեռնել է նաեւ գործարքի գնի մեթոդի հետ կապված փոփոխություն: «Դեկտեմբերի 1-ից գործարարները կարող են միանգամից դիմել մաքսատներ, այլ ոչ թե վերադաս մաքսային մարմին՝ գործարքի գնի մեթոդով մաքսային ձեւակերպումներ կատարելու համար»,- տեղեկացրել է Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Արմեն Սարգսյանը՝ընդգծելով, որ այս փոփոխությունը եւս ուղղված է թղթաբանության, մաքսային մարմին-տնտեսվարող շփումների կրճատմանը: Tweet Դիտում՝ 5785