ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն այսօր ասել է, որ ձմեռային տուրիզմի զարգացումը կնպաստի Հայաստանում համայնքների զարգացմանն ու զբոսաշրջային սեզոնի երկարացմանը:Այս մասին Զարմինե Զեյթունցյանն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ` ներկայացնելով ոլորտի հնարավորություններն ու հիմնախնդիրները:Նա կարեւորել է այս ուղղությամբ պետական քաղաքականության իրականացումը` միաժամանակ ընդգծելով, որ ոլորտի զարգացման հիմնական գործն ընկած է մասնավոր հատվածի ուսերին, որն էլ հենց առաջարկի ստեղծողն է:«Զբոսաշրջությունը պահանջարկի վրա հիմնված ինդուստրիա է: Երբ դու ստեղծում ես պահանջարկ, երկրի ներսում առաջարկը ձեւավորվում է ինքնըստինքյան»,- ասել է կոմիտեի նախագահը: Զարմինե Զեյթունցյանի խոսքով` բացի առավել հայտնի դահուկային տուրիզմից, Հայաստանը մեծ ներուժ ունի նաեւ դահուկային քայլարշավների համար, որոնց դեպքում, ի տարբերություն նախորդի, հատուկ ենթակառուցվածքների անհրաժեշտություն չկա. բավարար է միայն գծել հատուկ դրա համար նախատեսված արահետներ: Դահուկային քայլարշավի համար, ըստ կոմիտեի նախագահի, հարմար են, ընդհանրապես, Հայաստանի բոլոր լեռնային վայրերը: «Հայաստանն ունի բոլոր նախադրյալները համաշխարհային շուկայում ներկայանալու որպես ձմեռային տուրիզմի նախընտրելի վայր: Հատկապես մեծ հետաքրքրություն կա Արեւմտյան Եվրոպայից եւ Ռուսաստանից. զբոսաշրջիկներն այսօր փնտրում են էկզոտիկ հետաքրքրություններ»,- ասել է նա:Միեւնույն ժամանակ` Զարմին Զեյթունցյանը նշել է, որ «Պոբեդա» ավիաընկերության կողմից Շիրակի օդանավակայանով թռիչքների իրականացումը լրացուցիչ կխթանի Գյումրիի` որպես զբոսաշրջային ուղղության զարգացումը:Անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին` Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ Հայաստանի համար թիվ 1 խնդիրն աշխարհին ներկայանալն է, հետեւաբար՝ կոմիտեի գործունեությունն առավելապես ուղղած է լինելու գովազդին եւ ճանաչելիության բարձրացմանը: Tweet Դիտում՝ 3022