Երեւանում անցկացվում է արտաքին գովազդի առաջին փառատոնը

21.11.2016 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նոյեմբերի 20-25-ն անցկացվում է Երեւանի արտաքին գովազդի առաջին փառատոնը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտնել է Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

«Փառատոնի առաջնային նպատակը հայկական շուկայում գովազդային դաշտի միջազգային չափանիշներին համապատասխան զարգացումն է: Կարեւոր նպատակներից է նաեւ գովազդային ոլորտի մասնագետներին, նաեւ ուսանողներին խթանելը: Մի քիչ հեռահար նպատակ է նաեւ հայրենական արտադրության գովազդային նմուշները միջազգային շուկայում ներկայացնելը»,- նշել է Արազ Բաղդասարյանը:

Փառատոնի շրջանակում Երեւան են ժամանել ոլորտի առաջատար մասնագետները արտերկրից, այդ թվում՝ DDB, BBDO, Saatchi&Saatchi, Zeno Group եւ մի շարք այլ գործակալությունների արտ տնօրենները:

Փառատոնի արդյունքում հայկական գովազդի լավագույն նմուշները կպարգեւատրվեն ժյուրիի կողմից՝ համապատասխան անվանակարգերում:

Փառատոնի շրջանակում տեղի կունենան նաեւ մի շարք կոնֆերանսներ եւ վարպետության դասեր:

«Մաքսիմալ օբյեկտիվ լինելու համար հեղինակավոր մասնագետները կգնահատեն հայրենական արտադրանքի նմուշները ու մրցանակներ կհանձնեն լավագույններին: Կոնֆերանսի ընթացքում հայկական առաջատար կազմակերպություններն ու գովազդային ոլորտի պատասխանատուները միջազգային գործընկերների հետ համատեղ կփորձեն քննարկեն ոլորտին վերաբերվող հարցերն ու խնդիրները՝ փորձի փոխանակման միջոցով լավագույն արդյունքի ու լուծումների հասնելու համար: Բացի այդ, Երեւանի քաղաքապետարանը փորձելու է աջակցել ուսանողներին պրակտիկա անցնել հայկական առաջատար կազմակերպություններում»,- նշել է Արազ Բաղդասարյանը:

Պատասխանելով Մեդիամաքսի հարցին, թե որքանով փառատոնի անցկացման արդյունքները տեսանելի ու զգալի կլինեն երեւանցիների համար, Արազ Բաղդասարյանը նշել է.

«Գովազդի ոլորտը զարգանում է մասնագետների շնորհիվ: Երեւանցին կզգա փոփոխություն՝ տեսնելով գեղեցիկ գովազդներ քաղաքում: Իհարկե, այդ ամենը միանգամից չի լինում, վարդագույն ակնոցներով այս ամենին չենք նայում: Բայց այս ամենը խթանում է ոլորտի զարգացումը: Օրինակ՝ կոնֆերանսների ընթացքում, բացի գովազդային կազմակերպությունների մասնագիտական գործունեությունից քննարկվելու են այնպիսի հարցեր, ինչպիսին են շենք-շինությունների վրա տեղադրված գովազդների լուծման տարբերակներն ու համապատասխանելիությունը: Դրանց լուծումները կզգան նաեւ մեր քաղաքացիները»:

Փառատոնն իրականացվում է քաղաքապետարանի կողմից, սակայն Արազ Բաղդասարյանի պնդմամբ՝ Երեւանի բյուջեից որեւէ գումար չի ծախսվել:

Փառատոնի օրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ:

Բոլոր միջոցառումների մուտքն անվճար է:

Դիտում՝ 1888
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW