Ներկայացվել է «ԿՍՊ Հայաստան» հասարակական կազմակերպությունը

17.11.2016 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում ներկայացվել է «ԿՍՊ Հայաստան» հասարակական կազմակերպությունը:

Միջոցառման շրջանակում կայացել է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (ԿՍՊ) թեմայով քննարկում:

«ԿՍՊ Հայաստան» ՀԿ-ի հիմնադիր անդամ, «Մենեջմենթ Միքս» ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանը նշել է, որ նորաստեղծ հասարակական կազմակերպության նպատակն է խթանել սոցիալական եւ բնապահպանական պատասխանատվության գաղափարները հայաստանյան կազմակերպությունների միջավայրում:

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարը տեւական ժամանակ է, ինչ Հայաստանում առկա է տարբեր կազմակերպությունների մոտ: Անցած տարի այս օրերին Ֆրանսիական համալսարանում կազմակերպվեց սոցիալական պատասխանատվության թեմայով կոնֆերանս: Հասկացանք, որ լավ կլիներ՝ Հայաստանում նման ՀԿ կամ ասոցիացիա ունենայինք: Աստիճանաբար սկսեցինք անել առաջին քայլերը, եւ ՀԿ-ն արդեն մի քանի ամիս է, ինչ հիմնվել է: Այն ձգտում է պատասխանատու եւ կայուն բիզնեսի գաղափարը առաջ տանելով` մաս դառնալ Հայաստանում սոցիալական եւ բնապահպանական խնդիրների լուծմանը»,- նշել է նա:

Րաֆֆի Սեմերջյանի խոսքով՝ կազմակերպության տեսլականը այն Հայաստանն է, որտեղ բիզնեսը, կառավարությունը, հասարակական կազմակերպությունները եւ սպառողներն ամբողջական պատկերացում ունեն կայուն բիզնեսի վերաբերյալ եւ փնտրում են այնպիսի լուծումներ, որոնք ավելին են, քան պարզապես բարեգործությունը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն էլ նշել է, որ սոցիալական պատասխանատվությունը ձեռնարկությունների համար բավական հզոր գործիք է:

«Ողջունում եմ այս նախաձեռնությունը եւ հաճույքով փաստում, որ այս ոլորտում ֆրանսիական շատ կազմակերպություններ Հայաստանի համար օրինակ են ծառայել, ինչպես Orange-ը, որը բավական օրինակելի գործունեություն վարեց այստեղ»,- ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:

ԿՍՊ նորաստեղծ կազմակերպության նպատակների շարքում են կորպորատիվ պատասխանատվության կիրառման խթանումը որպես բիզնեսի եւ հասարակական արժեքների մղիչ ուժ, բիզնեսի դերի բարելավումը հասարակության մեջ, կորպորատիվ քաղաքացիության դրական վարվելակերպի արմատավորումը՝ բիզնես նպատակներին եւ ֆինանսական հաջողության հասնելու ճանապարհին եւ այլն:

Դիտում՝ 5043
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW