ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նորանշանակ պետ Իշխան Կարապետյանն ասել է, որ սննդամթերքի անվտանգության ոլորտում չի կարող տարբերակված մոտեցում լինել: «Բոլորի համար մոտեցումը հավասար է լինելու, խաղի կանոնները՝ նույնը, իրականացվելու են գնահատված ռիսկի վրա հիմնված հստակ ու կոշտ միջոցառումներ, ուժեղացվելու է վերահսկողությունը, բացառվելու են հնարավոր կոռուպցիոն ռիսկերը եւ այդ ուղղությամբ իրականացվելու են հետեւողական քայլեր»,- ասել է Իշխան Կարապետյանը` ՍԱՊԾ ստորաբաժանումների ղեկավարների հետ նոյեմբերի 15-ին անցկացրած առաջին խորհրդակցության ընթացքում:ՍԱՊԾ պետը նշել է, որ ոլորտում կան ինչպես խնդիրներ, այնպես էլ ձեռքբերումներ՝ առանձնացնելով խնդիրները ըստ գործունեության երեք ոլորտների՝ սննդամթերքի անվտանգություն, անասնաբուժություն եւ բուսասանիտարիա: Սննդամթերքի անվտանգության ոլորտում կան պիտանիության ժամկետի, սննդամթերքի մակնշման, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ ինչպես իրացման խոշոր ցանցերում, այնպես էլ փոքր խանութներում: Ծառայության պետի խոսքով՝ ՍԱՊԾ-ն շատ խիստ է վերաբերվելու բոլոր խախտումներին՝ թե սպառողի սեղանին դրվող առաջնային սննդամթերքի, թե տնտեսավարողների կողմից արտադրության մեջ օգտագործվող հումքի:«Մենք պետք է ձգտենք, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ իրացվող սննդամթերքը լինի անվտանգ ու որակյալ»,- ասել է նա:Անդրադառնալով սննդամթերքի անվտանգության խնդրին տնտեսավարողների տեսանկյունից՝ Իշխան Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ նաեւ նրանց շահերից է բխում արտադրել որակյալ սննդամթերք` ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկայում այն դարձնելով առավել մրցունակ:Իշխան Կարապետյանն ընդգծել է նաեւ սահմանային հսկողության կարեւորությունը եւ հանձնարարել խստացնել այն՝ բացառելով վտանգավոր սննդամթերքի ներմուծումը հանրապետություն: «Ամեն ինչ անելու ենք, որ տնտեսավարողը չունենա դժգոհություն, բայց միաժամանակ պետք է երաշխավորենք երկիր մտնող սննդամթերքի անվտանգությունը. դա մեր առանջային գործառույթն է»,- ամփոփել է Իշխան Կարապետյանը: Tweet Դիտում՝ 2209