ԿԲ-ն 0,25 կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

15.11.2016 | 15:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այօրվա նիստում որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 կետով՝ սահմանելով այն 6,5%:

Ինչպես նշել են ԿԲ-ում, 2016թ. հոկտեմբերին արձանագրվել է 0,5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,4% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը կազմել է 0,9%:

ԿԲ գնահատումների համաձայն` գնանկումային միջավայրը մինչեւ տարեվերջ կշարունակի մեղմվել:

«Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպերը, իսկ միջազգային ապրանքային շուկաներում դիտվել են թույլ գնաճային զարգացումներ»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ դեռեւս չի ակնկալում:

Խորհուրդն արձանագրել է, որ տնտեսական ակտիվության տեմպերը շարունակում են դանդաղել՝ հիմնականում պայմանավորված առաջարկի գործոններով, ինչպիսին է արդյունաբերության եւ գյուղատնտեսության ճյուղերի աճի տեմպերի դանդաղումը, իսկ ներքին պահանջարկի վերականգնմանը մեծամասամբ նպաստել են 2015-2016 թթ. ընթացքում իրականացված խթանող դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականությունները:

«2017թ. առաջին եռամսյակում ակնկալվում է գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցում, ինչը առաջարկի գործոն է եւ միայն  կարճաժամկետ հատվածում կհանգեցնի գնաճի որոշակի նվազման»,- ընդգծել են ԿԲ-ում:

Խորհուրդը կարծում է, որ միջնաժամկետ հատվածում գնանկումային ռիսկերը պահպանվում են, որոնց ներկայումս ավելացել է 2017 թ. հարկաբյուջետային քաղաքականության գործոնը:

Այս պարագայում կարգավորիչը դեռեւս նպատակահարմար է համարել դրամավարկային պայմանների որոշակի թուլացումը:   

«Շարունակական խթանող դրամավարկային քաղաքականության արդյունքում գնանկումային միջավայրը առաջիկա ամիսներին հիմնականում կչեզոքանա, եւ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կվերադառնա նպատակային ցուցանիշին»,- նշել են ԿԲ-ում:

Միեւնույն ժամանակ, լրացուցիչ ռիսկերի դրսեւորման դեպքում ԿԲ-ն համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար՝ 8% եւ 5%:

Դիտում՝ 3151
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW