Վարչապետ. «Գազպրոմ Արմենիա»-ն փորձում է մոտիվացնել

03.11.2016 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է սոցիալապես անապահով ընտանիքների կողմից սպառվող բնական գազի սակագների նվազմանն ուղղված միջոցառումների մասին նախագիծը:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին կառաջարկվի բնական գազի սակագին սահմանելիս սոցիալապես անապահով ընտանիքներին (20 միավորից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքներին), ինչպես նաեւ ջերմոցային տնտեսություններին եւ վերամշակող կազմակերպություններին տարբերակել սպառողական առանձին խմբերում:

Անդրադառնալով գազի սակագնի իջեցման որոշմանը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ այս քայլը պայմանավորված չէ կառավարության կամ պետական բյուջեի սուբսիդավորմամբ:

«Այդ գումարի համար չորս աղբյուր կա. հունվարի մեկին ավարտվում է Վրաստանի հետ տրանզիտի պայմանագիրը, եւ ակնկալիքներ կան, որ տրանզիտի գինը կնվազի: Երկրորդˋ սակագների նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն ակնկալում է շուկայի ընդլայնում, որը կբերի մեկ միավոր վաճառքի մարժայի նվազեցմանը: Երրորդˋ որոշակի ֆինանսական ծախսերի օպտիմալացման եւ վարկերի նվազեցման արդյունքում «Գազպրոմ Արմենիա»-ն իր մոտ օպտիմալացում կանի: Եվ չորրորդ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի հիմնադիրը շուկայի ընդլայնման եւ կայունացման համար ֆինանսական ռիսկերը վերցնում է իր վրա»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ 10 հազ. խմ-ից ավելի գազ սպառողների համար 1000 խմ գազի $257.56 սակագինը կդառնա $242.1-ին համարժեք դրամ:

««Գազպրոմ Արմենիա»-ն փորձ է անում մոտիվացնել, որպեսզի շուկան մեծանա ու ընդլայնվի, բիզնեսը հնարավորություն ունենա իր ինքնարժեքի վրա ակտիվ շուկայի մեծացման հաշվին աշխատել, որպեսզի բիզնեսը շահավետ դառնա»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նա հիշեցրել է, որ մինչեւ 10 հազ. խմ սպառում ունեցողներին վաճառվող գազի սակագինը 146 700 դրամից կդառնա 139 000 դրամ, իսկ սոցիալապես անապահովների համար՝ 100 000 դրամ:

«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը եւ «Գազպրոմ Արմենիա»-ին հանձնարարվում է մինչեւ հունվարի մեկը պարզել սոցիալապես անապահովների ցանկըˋ հստակ իմանալով, թե ով է իրականում սոցիալապես անապահով»,- ասել է վարչապետը:

Ինչ վերաբերում է ջերմոցային տնտեսություններին եւ վերամշակվող ձեռնարկություններին, ապա նրանց համար գազի սակագինը 1000 խմ-ի համար $257.56-ից կդառնա  $212-ին համարժեք դրամ: Վարչապետն ակնկալում է, որ գազի սակագնի իջեցումը կխթանի այս ոլորտների զարգացումը:

Դիտում՝ 3036
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW