«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով։«Գազպրոմ Արմենիա»-ի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ մինչեւ 10 հազ. խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի՝ գործող 146 700 դրամ սակագինն առաջարկվում է դարձնել 139 000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին (նոր սպառողական խումբ) տարեկան մինչեւ 600 խմ բնական գազի համար վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինն առաջարկվում է սահմանել 100 000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է վերանայել նաեւ ամսական 10 հազ. խմ եւ ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձեւը:Բացի այդ, կվերանայվեն ջերմոցային տնտեսություններին (նոր սպառողական խումբ) նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի`յուրաքանչյուր ամսվա սակագնի, ինչպես նաեւ վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի ամսական սակագնի հաշվարկման բանաձեւերը:«Նոր ստեղծվող գազասպառող ձեռնարկությունների համար, որոնց ամսական սպառումը կկազմի 10 հազ. խմ եւ ավելի, գազամատակարարման պայմանները եւ սակագների մեծությունները կորոշվեն լրացուցիչ՝ «Գազպրոմ Արմենիա»-ի եւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ քննարկումների արդյունքում»,- նշել են ընկերությունում: Tweet Դիտում՝ 3338