2017թ. բյուջեով նախատեսվում է 3,2% տնտեսական աճ

31.10.2016 | 12:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ 2017թ. պետբյուջեի արդյունավետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի ունենալ բյուջետային ռեսուրսների օգտագործման հնարավորինս նպատակային եւ օպտիմալ ծրագիր:

Այս մասին վարչապետն ասել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացման կապակցությամբ:

«Վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ցնցումներով՝ պայմանավորված թե´ Ռուսաստանի Դաշնության տնտեսական անկմամբ, թե´ պղնձի համաշխարհային գների էական նվազմամբ: Այս իրավիճակում տնտեսական աճ եւ կայունություն ապահովելու նպատակով հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որի արդյունքում անխուսափելի է եղել պետական պարտքի մակարդակի բարձրացումը:

2017թ. կառավարությունն իրականացնելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ աճի ապահովման նախադրյալ հանդիսացող մակրոտնտեսական կայունության ապահովման համար, սակայն, քանի որ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով մենք գործում ենք սահմանափակումների ներքո, 2017 թվականի բյուջեն ներառելու է նվազող դեֆիցիտի միջոցով պարտքի կայունացման մոտեցումը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ բյուջեն կազմելու հիմքում դրվել են տնտեսությունը չխեղդող, միեւնույն ժամանակ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ:

Վարչապետն ընդգծել է, որ հարկային եկամուտների մակարդակի գնահատման համար հիմք են ընդունվել տնտեսության իրողություններին համապատասխանող, իսկ ծախսերի մասով՝ զսպող մոտեցումները:

«2017թ. համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոս աճի մակարդակ: Հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաեւ ընտրական տարում սպասվող տնտեսական պասիվությունը՝ նշված ցուցանիշին հասնելը մեզնից բավական ջանքեր կպահանջի, եւ մենք վստահեցնում ենք, որ կանենք ամեն ինչ այդ մակարդակն ապահովելու համար»,- ասել է վարչապետը:

«Մեր մոտեցումը հստակ է՝ հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները պետք է օգտագործվեն հնարավորինս խնայողաբար եւ նպատակային, իսկ արդյունքները՝ տեսանելի հանրության համար»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ 2017թ. ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն է որդեգրվել:

Վարչապետն ընգդծել է, որ հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ բիզնեսը, գործարար աշխարհը չճնշվի ու կարողանա վերարտադրվել, եւ այս մոտեցման նպատակը 2017թ. ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ ստեղծելու համար նորմալ պլատֆորմ ձեւավորելն է:

Դիտում՝ 3254
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai