Երեւանում այսօր մեկնարկել է ՎԶԵԲ-ի կողմից անցկացվող «ՓՄՁ-ների ֆինանսներ» թեմայով եռօրյա դասընթացը: Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող դասընթացի նպատակն է զարգացնել տեղական խորհրդատուների փորձագիտական հմտությունները՝ նրանց հնարավորություն տալով հետագայում ՓՄՁ-ներին մատուցել առավել որակյալ ծառայություններ:Դասընթացը հիմնականում կանդրադառնա ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանը, պոտենցիալ ներդրումներ ներգրավելու համար բիզնես առաջարկների մշակմանը, հնարավոր պարտքերի եւ կապիտալի ֆինանսավորման հեռանկարներին, ոլորտում մրցունակության եւ նորարարության, ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձացմանը:Փոքր եւ միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացումը ՎԶԵԲ-ի եւ ԵՄ-ի առաջնային ուղղություններից մեկն է: ԵՄ-ն ՎԶԵԲ-ի` Հայաստանում մասնավոր հատվածի կայուն զարգացմանն ուղղված խորհրդատվական գործունեության հիմնական դոնորն է, ինչը հնարավորություն է տալիս ավելացնելու ֆինանսական միջոցների հասանելիությունը եւ լավագույն միջազգային փորձը ներդնել տեղական ձեռնարկությունների զարգացման համար: «Մասնավոր հատվածի մրցունակության աճը, կապիտալի շուկայի զարգացումն ու գործարար միջավայրի բարելավումը մեր կարեւորագույն ռազմավարական թիրախներից են: Հայաստանում ՓՄՁ ոլորտն ունի լուրջ ներուժ, սակայն հաճախ առկա են ֆինանսավորման սահմանափակ այլընտրանքներ, մասնավորապես՝ կապիտալի եւ քվազի-կապիտալի: ՓՄՁ-ներն այսօր ներդրումներ ձեռք բերելու համար առավել խոր գնահատման եւ համապատասխան կառուցվածքների կարիք ունեն: Տեղական խորհրդատուների համար սա շատ օգտակար եւ տեղին դասընթաց է, քանի որ Հայաստանում ՓՄՁ ոլորտն առաջխաղացման կարիք ունի»,- նշել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը: Նրա խոսքով` ՓՄՁ-ների ֆինասավորումը Հայաստանում միաչափ է եւ կատարվում է հիմնականում բանկերի կողմից գրավով ապահովված վարկերի տրամադրմամբ:ՎԶԵԲ-ի ՓՄՁ-ների ֆինանսավորման ու զարգացման խմբի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին» տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Ջեֆ Ֆերին եւս կարեւորել է նման դասընթացների անցկացումը Հայաստանում:«Դասընթացի նպատակն է տեղական խորհրդատվական ընկերությունների ֆինանսական հմտությունները հասցնել այն մակարդակի, որ նրանք ի վիճակի լինեն աջակցել ՓՄՁ-ներին՝ բավարարելու իրենց կարիքները, ինչպես նաեւ դրդելու նրանց ներգրավելու միջոցներ ֆինանսական ինժեներինգի կիրառմամբ»,- նշել է նա:Ջեֆ Ֆերիի բնորոշմամբ` ՓՄՁ-ները կարեւորագույն դեր ունեն Հայաստանի տնտեսության զարգացման համար, եւ ԵՄ-ն շարունակելու է աջակցել նրան այս գործում: «Սա ՓՄՁ-ների թեմայով ՎԶԵԲ-ի կազմակերպած արդեն երրորդ դասընթացն է, որն ուղղված է ֆինանսական խորհրդատուների հատուկ հմտությունների զարգացմանը, որոնք իրենց հերթին կօգնեն կազմակերպություններին զարգանալ, ներդնել նոր մոտեցումներ եւ ունենալ հասանելիություն դեպի ֆինանսական գործիքներ»,- ասել է ՎԶԵԲ-ի ՓՄՁ-ների ֆինանսավորման ու զարգացման խմբի «Խորհրդատվություն փոքր բիզնեսներին Հայաստանում» ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը:Տեղական ֆինանսական խորհրդատուների համար նախատեսված դասընթացը կվարի ՎԶԵԲ-ի կողմից հատուկ հրավիրված միջազգային փորձագետ Խուան Գամեչոն: Tweet Դիտում՝ 10502