«Երեւան էքսպո» կենտրոնում նախօրեին մեկնարկել է Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտին նվիրված՝ «Թեթեւ արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձեւության օրեր» խորագրով եռօրյա միջոցառումը։ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` միջոցառման նպատակն է խթանել Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշել տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, բացահայտել հայկական արտադրանքի նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները, ինչպես նաեւ ձեւավորել գործընկերային հարաբերություններ ու նպաստել փորձի փոխանակմանը: Միջոցառման ընթացքում ներկայացվում է թեթեւ արդյունաբերության ոլորտի ամբողջ արժեշղթան՝ թելից մինչեւ պատրաստի հագուստի արտադրություն, այդ թվում` կաշվե իրեր, գլխարկներ, զարդ եւ աքսեսուարներ:Միջոցառմանը մասնակցում են արտադրողներ, գնորդներ, դիզայներներ եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Իրանից, եվրոպական մի շարք երկրներից: «Այս նախագիծը, որն իր բնույթով բացառիկ է եւ առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում, անշուշտ, իր նշանակալի դերակատարումը կունենա թեթեւ արդյունաբերության ոլորտում ՀՀ ներուժի ներկայացման եւ հայ գործարարների համար միջազգային նոր հարթակներ նվաճելու տեսանկյունից։ Լիահույս եմ, որ միջոցառումը նաեւ կբարձրացնի հայրենական արտադրանքի ճանաչելիությունն ու պահանջարկը, իսկ այստեղ ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն երկարաժամկետ եւ տնտեսապես փոխշահավետ համագործակցության,- ասել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը։Նախագծի համակազմակերպիչներն են «Ատեքս» նորաձեւության կենտրոնը, «Սիգնում» ընկերությունն ու Ուրալի առեւտրաարդյունաբերական պալատը։ Tweet Դիտում՝ 2837