ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ասել է, որ պետք է ստեղծել արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն: Այս մասին Իգնատի Առաքելյանն ասել է Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ (հոկտեմբերի 16-ին) ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար կազմակերպված ծիրանի, խաղողի կոլեկցիոն ու ցուցադրական այգիներ այցելության ժամանակ: Միջոցառմանը ներկա են եղել ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզզետոն, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Պասկալ Միշոն:Նախարարի խոսքով` Հայաստանն ունի բավարար ներուժ իր համեստ ներդրումն ունենալու պարենի ապահովության համաշխարհային խնդիրների լուծման հարցում` տեղական ագրոարտադրանքի արտահանման միջոցով: «Մենք պետք է ստեղծենք արժեքներ, որոնք մրցունակ կլինեն եւ եկամուտ կբերեն, սելեկցիայի շնորհիվ սորտերը դարձնենք առավել բերքատու եւ դիմացկուն` պահպանելով հայկական համային հատկանիշները: Այս հարցում հատկապես կարեւոր է Ագրարային համալսարանի կադրերի մասնագիտական որակի ապահովումը, քանի որ այսօր աշխատաշուկայում, ցավոք, ունենք լավ մասնագետների պակաս»,- ասել է Իգնատի Առաքելյանը: Tweet Դիտում՝ 4176