ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է Հարկային եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումների ծրագիրն ու միջոցառումների ցանկը: Եկամուտների վարչարարության բարելավման միջոցառումները կոչված են ընդլայնելու հարկային եւ մաքսային մարմինների կարողությունները, որոնք կուղղվեն ստվերային շրջանառությունների բացահայտմանը, վերլուծությունների արդյունքում բացահայտված ռիսկային տնտեսվարող սուբյեկտների մոտ հարկային հսկողական գործիքակազմի կիրառմանը, մաքսային հսկողության խստացմանը: Զուգահեռ կիրականացվեն համապատասխան միջոցառումներ հարկային եւ մաքսային հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է կրճատել տնտեսության ստվերային հատվածը, ավելացնել պետական բյուջեի հարկային եկամուտները, ինչպես նաեւ բարձրացնել հարկային եւ մաքսային վարչարարության արդյունավետությունը եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ գործունեության թափանցիկությունը: Անդրադառնալով ներկայացված որոշմանը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքվել է, թե արդյոք կա բիզնեսի ներկայացուցիչների արձագանքը նախատեսվող այս փոփոխությունների վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ շատ դեպքերում կառավարությունը բիզնեսի առանձին շերտերին ուղղված որոշակի միջոցառումներ է ներգրավում՝ ստվերը կրճատելու, կանխատեսելիությունը եւ թափանցիկությունն ապահովելու նպատակով: «Հաճախ չենք մտածում, թե դա ինչպես կանդրադառնա սպիտակ դաշտում աշխատող բիզնեսի վրա, որը կարող է բերել խնդիրների, քաշքշուկների ավելացմանը: Չորսօրյա ժամկետում գործարար շերտի հետ քննարկեք, որպեսզի չդառնա գլխացավ օրինապահ դաշտում աշխատող գործարարի համար»,- ասել է գործադիրի ղեկավարը: Tweet Դիտում՝ 4526