Հայաստանի ֆինանսական «շունչը»՝ Իրանում

04.10.2016 | 12:17 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահում հոկտեմբերի 5-8-ը կանցկացվի «Հայաստան էքսպո» հայկական ապրանքների եւ ծառայությունների ցուցահանդեսը, որին ներկայացված կլինի նաեւ ՀՀ ֆինանսական հատվածը:

Banks.am-ը մասնակից ֆինանսական կազմակերպություններից փորձել է պարզել, թե ինչ ծառայություններ են ներկայացնելու ցուցահանդեսին եւ ինչ ակնկալիքներ ունեն դրանից:

Յունիբանկում ցուցահանդեսին մասնակցությունից ակնկալում են համագործակցություն եւ կապեր հաստատել իրանցի գործարարների եւ ֆիզանձանց հետ:

«Թեհրանում կայանալիք «Հայաստան էքսպո» ցուցահանդեսին մասնակցելու ենք առաջին անգամ` պոտենցիալ հաճախորդներին ներկայացնելու բանկի մատուցած ծառայությունները եւ համագործակցություն հաստատելու նպատակով»,- նշել են բանկում:

Մասնավորապես, Յունիբանկը ցուցահանդեսին կներկայացնի «Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգն ու Unibank Privé ուղղությունը:

Վերջինս համապատասխան եկամտի մակարդակ եւ կարգավիճակ ունեցող հաճախորդներին առաջարկում է լիարժեք ֆինանսական լուծումներ, որոնք ներառում են կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում եւ ներդրումային ռազմավարության մշակում:

«Հաշվի առնելով արտերկրում այս ուղղությունների հանդեպ հետաքրքրությունը՝ ակնկալում ենք, որ Յունիբանկի ծառայությունների նկատմամբ պահանջարկը մեծ կլինի թե՛ ֆիզիկական, եւ թե՛ իրավաբանական անձանց կողմից»,- ընդգծել են բանկում:

Հայբիզնեսբանկը Թեհրանում կայանալիք էքսպոյին պատրաստվում է մասնակցել բանկային ծառայությունների մեծ փաթեթով:

«Ցուցահանդեսին նախատեսում ենք ներկայացնել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկվող ունիվերսալ բանկային ծառայությունների ամբողջ փաթեթը»,- հայտնել են բանկում:

Բանկում նշել են, որ աշխատելու են կապեր հաստատել նաեւ իրանահայերի հետ:

«Հայբիզնեսբանկը, մասնակցելով ցուցահանդեսին, փորձելու է բանկային ծառայությունները հասանելի դարձնել նաեւ իրանաբնակ հայությանը` ակնկալելով նոր գործարար կապերի հաստատում եւ զարգացում, ինչպես նաեւ բանկի ճանաչելիության շրջանակների ընդլայնում միջազգային ասպարեզում»,- տեղեկացրել են բանկում:

Ամերիաբանկում ակնկալում են, որ այս միջոցառումը հնարավորություն կտա անմիջականորեն շփվել ՀՀ բանկային ծառայություններով հետաքրքրված անձանց հետ, տեղում ծանոթանալ նրանց պահանջմունքներին, միաժամանակ՝ ներկայացնել իրենց հնարավորությունները: Բանկում կարծում են, որ այն լավ սկիզբ կարող է դառնալ լայն համագործակցության համար:

Ցուցահանդեսին Ամերիաբանկը ներկայացնելու է մի շարք ծառայություններ, մասնավորապես՝ հաշիվների բացում եւ սպասարկում, վճարային քարտերի տրամադրում, ավանդների ընդունում, օնլայն բանկինգ եւ մոբայլ բանկինգ առցանց ծառայությունները: Բանկի թիրախային խումբը ֆիզիկական անձինք են:

«Մեր առաջարկած ծառայություններն իրենց ճկուն եւ մրցակցային պայմաններվ կհետաքրքրեն նոր շուկային: Այցելուների քանակի մասին դեռ վաղ է խոսել, սակայն, ակնկալում ենք, որ տեղում կձեւավորվեն համագործակցության եզրեր, որոնք  հետագայում կընդլայնվեն եւ կլինեն շարունակական»,- նշել են բանկում:

«Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում ակնկալում են, որ ցուցահանդեսին մասնակցելու շնորհիվ ձեռք կբերեն նոր բիզնես գործընկերներ:

Ընկերությունն էքսպոյին ներկայացնելու է հետեւյալ ծառայությունները՝ ԱՊՊԱ (այդ թվում` օնլայն եղանակով)` Իրանից Հայաստան ավտոմեքենայով ճամփորդող քաղաքացիների համար, Իրանից Հայաստան բեռնափոխադրման ապահովագրություն, կամավոր ավտոտրանսպորտային ապահովագրություն, գույքի, առողջության, ինչպես նաեւ Իրանից ներգնա զբոսաշրջության ապահովագրության փաթեթներ, որոնք կհետաքրքրեն ինչպես ֆիզանձանց, այնպես էլ տուրիստական գործակալություններին:

«Ինգո Արմենիա»-ում կարծում են, որ Թեհրանում կայանալիք ցուցահանդեսը կնպաստի հայ-իրանական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը բոլոր ուղղություններով:

«Հանդիսանալով Հայաստանում տարբեր բիզնես ասոցիացիաների անդամ՝ «Ինգո Արմենիա»-ն չափազանց կարեւորում է շփումները բիզնես միջավայրում»,- ընդգծել են ընկերությունում:

Ցուցահանդեսին պատրաստվում է մասնակցել նաեւ Telcell վճարահաշվարկային կազմակերպությունը, որն իրանական շուկայում ներկայացնելու է իր «ընդհանուր բրենդը` Telcell-ը` որպես վճարահաշվարկային համակարգ:

Ընկերությունում տեղեկացրել են, որ իրենց թիրախներն են ինչպես ֆիզիկական անձիք, այնպես էլ կորպորատիվ հատվածը:

«Ցուցահանդեսին մասնակցելու նպատակը նոր գործընկերական կապերի ստեղծումն ու հետագա զարգացումն է»,- ընդգծել են Telcell-ում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանն ասել էր, որ Իրանում արեւմտյան պատժամիջոցների վերացումից հետո մեծ հետաքրքրություն կա ՀՀ ֆինանսական պրոդուկտների նկատմամբ, այդ թվում` իրանա-հայկական դրամական հոսքերը սպասարկելու նպատակով:

Սիրանուշ Սիմոնյան

Դիտում՝ 14824
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai