ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ»-ի միջազգային մանրածախ եւ առեւտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմի գլխավորած պատվիրակությանը: «Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը եւ այդ նպատակով որոշակիորեն փոխվել է նաեւ էկոնոմիկայի նախարարության ուղղվածությունը, որի գլխավոր նպատակն է լինելու աջակցել գործարար հատվածին եւ ներդրումների իրականացմանը: Մեր թիմը միշտ բաց է լինելու եւ կանգնելու է ձեր կողքին՝ հնարավոր բոլոր խնդիրների լուծման ճանապարհին»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարեւորելով ֆրանսիական կապիտալի ներհոսքի ավելացումը:Գործադիրի ղեկավարը հավելել է, որ բանկային ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն առաջարկվել է մշակել համապատասխան մեխանիզմներ բանկերում առկա ակտիվների միջոցով վարկավորելու փոքր եւ միջին բիզնեսը՝ նպաստելով տնտեսության տարբեր ճյուղերի աշխուժացմանը: Կարեն Կարապետյանն ընդգծել է նաեւ ֆրանսիական ընկերության եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սերտ համագործակցության անհրաժեշտությունը եւ նշել, որ նախարարությունն առաջիկայում կմշակի ներդրումային ծրագրերի փաթեթ եւ կներկայացնի պոտենցիալ գործընկերներին: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ «Կրեդիտ Ագրիկոլ»-ը կնպաստի ֆրանսիական կապիտալի ներգրավմանը Հայաստանի տնտեսության մեջ եւ նշել, որ այդ հարցում ակնկալում է բեկումնային քայլեր: Մարկ Օպենհեյմը հիշեցրել է, որ այսօր լրանում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի՝ Հայաստանում գործունեության 20-ամյակը, եւ նրա խոսքով՝ այդ փաստն արտացոլում է երկկողմ ամուր կապերի մասին:«Պետության եւ ներդրողի միջեւ լավ հարաբերությունները հաջողության հիմնական գրավականներից են: Մի պետություն, որը պատրաստ է աջակցել գործարար դաշտին՝ կկարողանա հասնել տնտեսության զարգացմանն ու ապահովել առաջընթաց: Մենք այդ ճանապարհին կանգնած ենք ձեր կողքին եւ շահագրգռված ենք լինելու ֆրանսիական կապիտալի դեսպանը Հայաստանում»,- ասել է Մարկ Օպենհեյմը: Tweet Դիտում՝ 5615