Խոշոր հարկատուները հունվար-օգոստոսին 7%-ով ավելացրել են հարկերը

29.09.2016 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2016թ. հունվար-օգոստոս ամիսներին հավաքագրել է շուրջ 293 մլրդ դրամ հարկային եկամուտ՝ 2015թ. նույն ժամանակահատվածի 275 մլրդ դրամի փոխարեն:

Ինչպես հայտնել են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, հարկերի աճը տեղի է ունեցել առաջին չորս խոշորագույն հարկատուների վճարած ավելի քան 15 մլրդ դրամ հարկի նվազման պայմաններում:

Մասնավորապես` «Զանգեզուրի  պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի վճարած հարկերը կրճատվել են 11,4 մլրդ դրամով, «Արմենիա Տելեֆոն Կոմպանի»-ինը՝ 2,4 մլրդ դրամով, «Գազպրոմ Արմենիա»-ինը՝ 0,9 մլրդ դրամով, «Ղ-Տելեկոմ»-ինը՝ 0,6 մլրդ դրամով:

ՊԵԿ-ն ակնկալում է, որ, սեպտեմբերի կանխատեսումներով, այդ թիվը կավելանա՝ կազմելով գրեթե 22 մլրդ դրամ:

ՊԵԿ-ի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը մտահոգիչ է համարել կապի, էներգետիկայի, մետաղական հանքարդյունահանման եւ բանկային գործունեության ոլորտներում հարկային եկամուտների նվազումը, որը, նրա գնահատականներով, այս տարվա 9 ամիսներին կկազմի շուրջ 17 մլրդ դրամ:

«Նման պատկերը պայմանավորված է օբյեկտիվ գործոններով՝ թանկարժեք մետաղների համաշխարհային գների շարունակական անկմամբ, կապի ոլորտում մատուցված ծառայությունների կրճատմամբ, էներգետիկայի ոլորտում սակագների եւ իրացման ծավալների, ինչպես նաեւ բանկային համակարգում շահութաբերության նվազմամբ»,- պարզաբանել է Ռաֆիկ Մաշադյանը:

Նրա խոսքով` բացասական ազդեցությունները, այնուամենայնիվ, հնարավոր է եղել չեզոքացնել ստվերային շրջանառությունների բացահայտման ուղղությամբ վարչարարական արդյունավետ գործիքների կիրառման, հարկ վճարողների հետ ճիշտ փոխհարաբերությունների կառուցման, բացատրական եւ իրազեկման աշխատանքների ծավալների ավելացման ու հարկ վճարողների ինքնահայտարարագրման գիտակցության բարձրացման շնորհիվ:

Ռաֆիկ Մաշադյանը վստահեցրել է, որ իրենք կոտրել են տարիներով ձեւավորված այն կարծրատիպը, թե խոշոր ընկերությունների զգալի մասը, կապված լինելով հասարակության մեջ մեծ ազդեցություն եւ դիրք ունեցող անձանց հետ, կարող է խուսափել պատասխանատվությունից:

«Ինն ամիսների տվյալներով` հարկային եկամուտների աճ կունենան «Գրանդ Տոբակո»-ն (5,3 մլրդ դրամ), «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը՝ (4,2 մլրդ դրամ), «Ֆլեշ»-ը՝ (1,6 մլրդ դրամ), «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»-ը (0,7 մլրդ դրամ), «Ալեքս Գրիգ» -ը՝ (0,5 մլրդ դրամ)»,- հայտարարել է ՊԵԿ-ի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետը:

Դիտում՝ 3199
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW