Ամփոփվել է Armenia StartUp Cup 2016-ի մարզային փուլը

28.09.2016 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեպտեմբերի 25-ին UWC Դիլիջան քոլեջում անցկացվել է ամենամյա Armenia StartUp Cup ազգային առաջնության մարզային փուլը, որը միավորել է ավելի քան 42 ստարտափի՝ ՀՀ 11 քաղաքներից, եւ 30 փորձառու մենթորների՝ տարբեր մարզերից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել UWC Դիլիջան քոլեջի դեկան Դենիս Դեւիդսոնը, որն ընդգծել է միջոցառման կարեւորությունը Հայաստանում զարգացած ստարտափ համայնքի ձեւավորման համար:

Մրցույթի սկզբում անցկացվել է 20 նոր մենթորների սերտիֆիկացում:

Մարզաբնակ մասնակիցներից բացի՝ միջոցառմանը ներգրավված են եղել նաեւ UWC Դիլիջան քոլեջի օտարերկրացի աշակերտներ, որոնք ներկայացրել են հետաքրքիր բիզնես մոդելներ՝ ուղղված Հայաստանում վերամշակման մշակույթի զարգացմանը:

Մրցույթի երկրորդ փուլում մրցելու հնարավորություն են ստացել 15 ստարտափներ Հայաստանի 7 քաղաքներից: Մարզային եւ միջազգային մենթորների խորհրդատվության օգնությամբ նրանք նախագծել եւ ընտրող հանձնաժողովին էին ներկայացրել նորարարական լուծումներով բիզնես մոդելներ՝ ուղղված շինարարության, արհեստների, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոշտ թափոնների կառավարման, բեռնափոխադրումների, առողջապահության եւ զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:

Armenia StartUp Cup-ը նպատակ ունի իրազեկել Հայաստանում սկսնակ ձեռնարկություն ստեղծելու համար առկա ռեսուրսների մասին, զարգացնել Հայաստանում ձեռնարկատիրական ներուժը բարձրակարգ բիզնես խորհրդատվության միջոցով, նոր աշխատատեղեր ստեղծել ստարտափների միջոցով: Միջոցառման երկարաժամկետ նկատակն է նպաստել երկրի հավասարաչափ տնտեսական եւ սոցիալական զարգացմանը:

Հաղթող մասնակիցը որպես մրցանակ կստանա մինչեւ 1 500 000 ՀՀ դրամ, որը կարող է ներառել բիզնեսի զարգացման համար նախատեսված աուդիտորական, հաշվապահական, ֆինանսական, մարքեթինգային եւ մենեջմենթի խորհրդատվություն եւ ծառայություններ: Հաղթողը նաեւ եզակի հնարավորություն կստանա Հայաստանը ներկայացնելու World StartUp Cup 2017-ում` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ:

Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները որպես պարգեւ կստանան 1 000 000 եւ 500 000 ՀՀ դրամ ու եւս հնարավորություն կունենան ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին եւ իրենց բիզնեսը ներկայացնելու վենչուրային ընկերություններին եւ հրեշտակ ներդրողներին:

Միջոցառման կազմակերպիչն է Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիան:

Դիտում՝ 16045
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW