ՎԶԵԲ-ն ու ԵՄ-ն Երեւանում անցկացնում են էներգաարդյունավետության ֆորում

28.09.2016 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Էներգոկրեդիտ ծրագրի նախաձեռնությամբ Երեւանում այսօր կայացել է էներգաարդյունավետության ֆորում՝ նախատեսված Հայաստանում գործող բիզնեսների համար:

Էներգոկրեդիտը Եվրոպական Միության եւ Ավստրիայի ֆինանսների նախարարության համաֆինանսավորմամբ իրականացվող ՎԶԵԲ ծրագրերից է: Ֆորումն անցկացվել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնած EU4Energy թեմայի ներքո՝ ԵՄ էներգախնայողության օրերի շրջանակում:

«Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նպատակը ինչպես այլ երկրներում, այնպես էլ Հյաստանում, կայուն ու մրցունակ տնտեսություն կառուցելն է, որին ուղղված քայլերից մեկն այս ծրագիրն է: Այն աշխատանքը, որ կատարում ենք մեր գործընկերների հետ, նպատակ ունի օգնել բիզնեսին եւ տնային տնտեսություններին, գտնել ու ֆինանսավորել համապատասխան էներգաարդյունավետ միջոցներ, ինչը մեր աշխատանքի կարեւոր բաղադրիչն է»,- ասել է ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դեյվիսը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավոր Հոա-Բին Աջեմյանն էլ ընդգծել է, որ էներգաարդյունավետությունը եւ վերականգնվող էներգիան գլոբալ տաքացման փոփոխությունները մեղմելու գործընթացում ԵՄ հանձնառության հիմքն են:

«Մենք հավատում ենք, որ Հայաստանի կառավարությունը կգործարկի տարբեր խթանիչներ՝ էներգաարդյունավետությանն ուղղված նոր ներդրումներ ներգրավելու համար: Մենք պատրաստ ենք աջակցել ՀՀ կառավարությանն ու քաղաքացիներին՝ ապահովելու Հայաստանի կողմից այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների արդյունավետ եւ անկախ օգտագործումը»,- հավելել է նա:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի խոսքով՝ էներգախնայողությանն ուղղված վարկը կարելի է համարել միակը, որը ռիսկային չէ:

«Մինչ օրս որեւէ բանկի կողմից չեմ լսել, թե այս վարկատեսակի հետ խնդիր է ունեցել: Ի տարբերություն այլ վարկերի, որոնց մարումը կախված է լրացուցիչ եկամուտից, որն իր հերթին ռիսկ է պարունակում, այս վարկատեսակի սպառումը կատարվում է էներգիայի խնայողության հաշվին՝ տալով կոնկրետ ֆինանսական արդյունք»,- ասել է Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ էներգախնայողությունը լավագույն եւ արդյունավետ կարճաժամկետ միջոցն է մրցունակ տնտեսություն ստեղծելու համար:

Քննարկման ընթացքում ներկայացվել է էներգաարդյունավետության ոլորտում Հայաստանում մինչ օրս կիրառված փորձը, ինչը փաստում է, որ էներգաարդյունավետ սարքավորումների համար ներդրումներ կատարելով՝ հնարավոր է հասնել երկարաժամկետ օգուտների եւ ունենալ էներգիայի ծախսի մինչեւ 60% խնայողության:

Ծրագրի շրջանակում կորպորատիվ վարկերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանում գործող մի շարք բանկերի ու ֆինանսավարկային կազմակերպությունների շնորհիվ, ինչպիսիք են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը, Ամերիաբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արմսվիսբանկը, Ինեկոբանկը, ԱԳԲԱ Լիզինգը եւ ՍԵՖ Ինտերնեյշնլը:
 

Դիտում՝ 7161
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW