«ԴիջիԹեք էքսպո»-ում այս տարի կներկայացվեն նաեւ ռազմական լուծումներ

05.09.2016 | 16:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը «Երեւան Էքսպո» կենտրոնում անցկացվելիք 12-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսի շրջանակում տեղական մի շարք ընկերություններ կներկայացնեն լուծումներ, որոնք կիրառելի կլինեն ՀՀ պաշտպանողականությունը բարձրացնելու գործում:

Այս մասին այսօր հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Ապրիլին մենք ինժեներեկան ոլորտում մոբիլիզացիա էինք հայտարարել: Այս 4 ամսվա ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել: Գուցե դրանք այն մասով, որ գաղտնի են, չցուցադրվեն, սակայն տեխնոլոգիական տարբեր հատվածներ, որոնք հիմք են հանդիսացել նոր զենք-զինամթերքի ստեղծմանը Հայաստանում, կցուցադրվեն»,- ասել է Կարեն Վարդանյանը:  

Նրա խոսքով՝ փորձնական ծրագիր են սկսել եւ ապրիլյան իրադարձություններից հետո զորացրված երիտասարդներին 6 ամսում ծրագրավորում են սովորեցնում: Պիլոտային ծրագրին մասնակցում է 14 երիտասարդ, որոնք հանդես կգան ցուցահանդեսում:

«Ծրագիրը նախատեսում է ընդլայնվել եւ ընդգրկել բոլոր այն զինծառայողներին, որոնք ցանկանում են զորացրվելուց հետո մասնագիտացում ձեռք բերել: Մյուս խումբը վիրավորների կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքի անդամներն են, որոնք, ավարտելով ուսուցումը, կկարողանան աշխատել ու պահել ընտանիքը: Երրորդ խումբը զոհված զինծառայողների ընտանիքի անդամներն են: Նպատակն է, որ ցանկացած երիտասարդ բանակ գնալուց առաջ իմանա, որ վերադարձից հետո կա կրթական ծրագիր, որը պատրաստ է իրեն 6 ամսում մասնագիտություն սովորեցնել»,- ասել է նա:
 
Կարեն Վարդանյանի խոսքով՝ էքսպոյի շրջանակում ներկայացված կլինեն նաեւ միջազգային ընկերություններ (ՌԴ, Գերմանիա, ԱՄՆ, Թայվան, Հնդկաստան): Դրանք հանդես կգան ոչ միայն որպես ցուցադրվող ընկերություններ, այլեւ կիրականացնեն որոշ միջոցառումներ, որոնք կարեւոր են Հայաստանի համար:

Ցուցահանդեսի շրջանակում հոկտեմբերին 1-ին GeneratioS աքսելերատորը կանցկացնի մրցույթ, որն ուղղված կլինի Smart City նախագծին վերաբերող լուծումների ընտրությանը: Մրցույթի արդյունքում ստարտափ ընկերություններին հնարավորություն կտրվի համագործակցել ռուսական խոշորագույն շինարարական ընկերություններից մեկի՝ Мортон-ի հետ։


ԴիջիԹեքի պլատինե հովանավոր Ucom ընկերության մարքեթինգի եւ հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը նշել է.

«Լինելով հայկական ընկերություն՝ Ucom-ը մշտապես կարեւորել է մեր հանրապետության համար տեխնոլոգիաների զարգացումը: Բոլորս գիտենք, որ ցանկացած տնտեսության հիմքում ընկած են ինժեներեկան տեխնոլոգիաները: Այս տարի առանձնահատուկ կերպով ենք ներկայանալու Դիջիթեքին, քանի որ առաջին տարին է, երբ մեր ընկերությունը ներկայանում է նաեւ որպես շարժական կապի օպերատոր: Անակնկալներ ենք պատրաստել, որոնք մանրամասն ներկայացված կլինեն էքսպոյի ժամանակ մեր տաղավարում»:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն էլ տեղեկացրել է, որ էքսպոյից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 3-5-ը, Հայաստանը Բրազիլիայում կմասնակցի ՏՏ միջազգային կոնգրեսին:

Դիտում՝ 11474
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW