Ադրբեջանի հարկերի նախարարությունը խստացրել է էլեկտրոնային առեւտրի եւ համացանցի միջոցով մատուցվող վճարովի ծառայությունների նկատմամբ վերահսկողությունը:Ինչպես հաղորդում է Trend.az կայքը, այս մասին նշված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից օրերս ստորագրված «2016թ. հարկային ոլորտում իրագործվելիք բարեփոխումների ուղղությունները» եւ «Հարկային վարչարարության կատարելագործում» փաստաթղթերում:«Ներկայում նախարարության մասնագետներն էլեկտրոնային առեւտուրը հարկային դաշտում բերելու շուրջ լուրջ աշխատանքներ են տանում: Դրա համար նախ անհրաժեշտ է հաշվառել երկրում առեւտրային նպատակով ստեղծված բոլոր ինտերնետ ռեսուրսները` միաժամանակ հայտարարագրելով նրանց եկամուտները»,- նշել են նախարարությունում:Գործակալությունը գրում է, որ ինտերնետ առեւտրում շրջանառվող էլեկտրոնային փողերը որոշակիորեն կբարդացնեն այս ոլորտում հարկային վերահսկողության գործընթացը: Բացի այդ, նման գործարքները հիմնականում միջազգային բնույթի են, ինչը եւս լրացուցիչ խնդիրներ կստեղծի:Հարկերի նախարարությունը կարծում է, որ Ադրբեջանն էլեկտրոնային առեւտուրը հարկային դաշտ բերելու մեծ ներուժ ունի` հաշվի առնելով համացանցից օգտվողների թվի ու էլառեւտրի ծավալների աճը, ինչպես նաեւ այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են անկանխիկ գործարքները խթանելու համար:«Էլեկտրոնային առեւտրում ներգրավված հարկատուների հաշվառումը դրական ազդեցություն կունենա սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից` պայմաններ ստեղծելով վաճառող-գնորդ հարաբերությունների կարգավորման համար»,- գրում է գործակալությունը: Tweet Դիտում՝ 9055