ՀՀ էներգետիկայի նախարարությունն այսօր հայտարարել է, թե կառավարությունը երբեւէ չի քննարկել եւ չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիա»-ի նկատմամբ Երեւանի ՋԷԿ-ի կուտակած պարտքերի դիմաց կայանը վաճառելու տարբերակը։ Այս մասին ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում` կապված վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի հետ, թե Երեւանի ՋԷԿ-ը պարտքերի դիմաց կարող է վաճառվել «Գազպրոմ Արմենիա»-ին: Նախարարությունում նշել են, որ գազի դիմաց Երեւան ՋԷԿ-ի ունեցած պարտքի կառուցվածքը մանրամասն ներկայացվել է մայիսի 12-ին ՀՀ կառավարության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային համաձայնագրում: Վերջինիս շրջանակում Համաշխարհային բանկը տրամադրել էր $30 մլն-ի վարկ, որի մի մասը, ըստ նախարարության, ուղղվելու է «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ Երեւանի ՋԷԿ-ի պարտքի մասնակի մարմանը։«Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին ամիսներին պարտքի զգալի մասը մարվել է. այժմ այն կազմում է ոչ թե $52,3 մլն, այլ $33,8 մլն, իսկ մնացած մասը կմարվի առաջիկայում»,- ասված է հաղորդագրությունում:Նախարարությունում նաեւ նշել են, որ Երեւանի ՋԷԿ-ի ֆինանսական առողջացման նպատակով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի ստեղծած հանձնաժողովի կողմից արդեն իսկ ձեռնարկվել են միջոցառումներ՝ կայանի ֆինանսական վիճակի բարելավման, ծախսերի օպտիմալացման եւ արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ «Արդյունքներն արդեն տեսանելի են։ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը նախագահին ներկայացրել է մանրամասն ծրագիր, որով նախատեսվում է մինչեւ 2017թ. օգոստոսի 1-ը (հերթական սակագնային տարվա սկիզբը) իրականացնել Երեւանի ՋԷԿ-ի ֆինանսական առողջացման փաթեթի գերակշիռ մասը»,- ընդգծել են նախարարությունում: Tweet Դիտում՝ 4385