ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր կառավարության նիստի ընթացքում անդրադարձել է իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման հարցին:Նրա փոխանցմամբ, աշխարհում այսօր չկա հաջողված ու կիրառված այնպիսի վերջնական փորձ, որն ապացուցել է իր կենսունակությունը, որի բոլոր թերությունները, սկզբունքները հաշվի են առնվել եւ որը կարելի է միանգամից ներդնել ՀՀ-ում:«Մենք որոշել ենք սկսել մեր համար կարեւորագույն ոլորտներից մեկից, այն է`պետական գնումների ոլորտից։ Խոսքը վերաբերում է հետեւյալին. այն կազմակերպությունները, որոնք ցանկանում են մասնակցել պետական գնումների գործընթացին, պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին: Ընդ որում, բացահայտումը պետք է իրականացվի ֆիզիկական անձանց մակարդակով, ոչ թե միայն համապատասխան բաժնեմաս ունեցող ընկերությունների մակարդակով: Իրական սեփականատեր ասելով՝ հասկանում ենք այն անձանց, ովքեր ընկերությունում ուղղակի կամ անուղղակի կերպով ունեն 10% բաժնեմաս, կամ իրավունք ունեն նշանակել կամ ազատել իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամներին, կամ ստանում են իրավաբանական անձի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի 15%-ից ավելին, իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը եւ անդամները»,- նշել է նախարարը։Նա կարեւորել է այն հանգամանքը, որ անձը ոչ միայն պետք է հայտարարություն ներկայացնի, թե ովքեր են իր իրական սեփականատերերը, այլեւ պարտավոր է ներկայացնել իրավական ուժ ունեցող փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն իր կողմից արված հայտարարությունները: «Բնականաբար, խախտման համար պետք է նախատեսվի պատասխանատվություն»,-եզրափակել է Արփինե Հովհաննիսյանը: Tweet Դիտում՝ 3108