Ներկայացվել են Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի թերությունները

18.08.2016 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը այսօր կառավարության նիստի ընթացքում վարչապետի հանձնարարականով մանրամասներ է ներկայացրել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերում քննարկված հարցերի եւ տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ:

Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ, աշխարհում կիրառվող կոռուպցիայի դեմ պայքարի մոդելներն ուղղակիորեն կախվածության մեջ են դրվում պայքար մղող մարմինների գործառույթների բաշխվածությունից: Միջազգային փորձը վկայում է, որ այդ մարմինները իրականացնում են երեք հիմանական գործառույթ` կրթական, կանխարգելիչ կամ քննչական (իրավապահ):

Աշխարհի մի շարք երկրներում բոլոր երեք գործառույթներն իրականացնում է մեկ մարմին եւ այդ մարմինը կոչվում է ունիվերսալ մարմին, ինչը, ըստ էության, բազմաֆունկցիոնալ մոդելն է։

«Երկորդ մոդելը, որն ես կանվանեի ապակենտրոնացված, ներառում է երկու մոդել: Ընդ որում, կանխարգելիչ եւ կրթական ֆունկցիաները իրականացնում է մեկ մարմին, իսկ քննչական ֆունկցիաները՝ մեկ այլ մարմին: Հարկ է նշել, որ երկու մոդելների դեպքում անչափ կարեւորվում է, որ քննչական գործառույթի իրականացումը համապատասխան մարմնի համար պետք է լինի հիմնական գործառույթ»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ ՀՀ-ում գործում է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված համակարգը, որտեղ կանխարգելիչ, կրթական եւ քննչական գործառույթների իրականացումը վերապահված է տարբեր պետական մարմինների: Մասնավորապես, կանխարգելիչ եւ կրթական գործառույթի իրականացումը հիմնականում վերապահված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, իսկ կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնում է հատուկ քննչական ծառայությունը:

«Այդուհանդերձ, ՀՀ-ում առկա մոդելը, մեր կարծիքով, ունի որոշակի թերություններ, դրանք են` ինստիտուցիանալ եւ գործառույթային անկախության բացակայությունը: Հակակոռուպցիոն մարմինների գործունեության իրավական հիմքը շատ դեպքերում ենթաօրենսդրական է, որոշ հակակոռուպցիոն մարմինների, օրինակ՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքը չի կրում մշտական բնույթ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի համար նախատեսված չեն գործառույթային եւ ինստիտուցիանալ անկախության բավականաչափ երաշխիքները: Հաշվի առնելով այս խնդիրները` կարծում ենք, որ առկա է անհրաժեշտություն ունիվերսալ մոդելի ներդրման կամ ապակենտրոնացված մոդելի արմատական վերանայման համար», -ասել է Արփինե Հովհաննիսյան:

Նա տեղեկացրել է, որ ներկայումս իրականացվում են լայնածավալ աշխատանքներ միջազգային փորձի ուսումնասիրության, երկու մոդելների առանձնահատկությունների վերհանման, դրանց թե ՛ դրական, թե′ բացասական կողմերի, մոդելներից յուրաքանչյուրի ընտրության դեպքում կատարվելիք ինստիտուցիոնալ եւ օրենսդրական քայլերի մշակման ուղղությամբ:



Դիտում՝ 2797
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW