ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ: Այն ուժի մեջ կմտնի 2025 թ․ հոկտեմբերի 1-ից:ԿԲ-ից հայտնում են, որ համաձայն նոր կարգավորման` առեւտրի եւ/կամ ծառայությունների մատուցման կետերում առեւտրային բանկերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղադրված մեկ միասնական ՔՅՈւԱՐ պատկերի միջոցով հնարավոր կլինի վճարումներ կատարել բոլոր այն ֆինանսական կազմակերպությունների հավելվածներով, որոնք տրամադրում են ՔՅՈւԱՐ-ով վճարման հնարավորություն: Հետեւաբար, ՔՅՈւԱՐ կոդով վճարման հնարավորություն տրամադրող ֆինանսական կազմակերպությունները պետք է ապահովեն վճարումների կամ փոխանցումների կատարումը իրենց կողմից տրամադրված հավելվածներով, մեկ միասնական ՔՅՈւԱՐ պատկերի միջոցով:Առաջարկվող կարգավորման նպատակն է ՔՅՈւԱՐ կոդի միջոցով վճարումների կամ փոխանցումների կատարումն ապահովող գործընթացները դարձնել հարմար եւ արդյունավետ ինչպես վճարողների եւ ծառայություն մատուցողների, այնպես էլ ֆինանսական կազմակերպությունների համար:«Կարգավորման նման մոտեցմամբ Կենտրոնական բանկը նպատակ ունի նպաստել Հայաստանում վճարումների առավել ներառական եւ արդյունավետ միջավայրի ձեւավորմանը՝ խրախուսելով անկանխիկ ֆինանսական ծառայությունների այլընտրանքային հասանելիությունը վճարողների ավելի լայն շերտին»,- ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ:Նշվում է, որ ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ կամ փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջը կգործի բացառապես վճարային ՔՅՈւԱՐ-ների համար եւ չի վերաբերի ապրանքային ՔՅՈւԱՐ-ների կիրառելիությանը (այդ թվում՝ հանրային տրանսպորտում կիրառվող ՔՅՈւԱՐ-ին): Tweet Դիտում՝ 1643