Լոռու մարզ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցի շրջանակներում կառավարության ղեկավարն եղել է Վանաձորի նախկին ճոպանուղու տարածքում, որտեղ նրան ներկայացվել են ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդիրները: Նախատեսվում է, որ ճոպանուղին կունենա 1300 մետր երկարություն եւ 2.5 հազ. մետր սահուղի: Նախագծի իրականացման արժեքը գնահատվում է 2.5 մլն եվրո: Ակնկալվում է, որ ճոպանուղու կառուցումը կնպաստի Վանաձորում զբոսաշրջության զարգացմանը, իսկ քաղաքը կդառնա լեռնադահուկային տուրիզմի կենտրոններից մեկը: Արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր ոչ միայն ճոպանուղու շահագործման եւ պահպանության համար, այլ նաեւ հյուրանոցային եւ սպասարկման այլ ոլորտներում: Վարչապետին է ներկայացվել նաեւ Վանաձորի հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են եռահարկ հիվանդանոցի ներքին հարդարման աշխատանքները: Բուժհաստատությունը, որն ունենալու է 150 մահճակալ, շահագործման կհանձնվի 2017թ. ընթացքում: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 մլրդ 700 մլն դրամ: Հիվանդանոցի ծննդատան մասնաշենքի կառուցման աշխատանքները ֆինանսավորել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Լրագրողների հետ զրույցում Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Լոռու մարզում առաջիկայում իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր: Նա տեղեկացրել է, որ Ասիական բանկի տրամադրած միջոցներով մարզում կյանքի են կոչվելու ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ ծրագրեր. միայն Վանաձորում իրականացվելու է 20 մլն դոլարի ներդրում՝ բազմաթիվ ուղղություններով: Tweet Դիտում՝ 5593