ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ վեց ամսվա ընթացքում հայ-ռուսական առեւտրաշրջանառությունն աճել է 12%-ով, իսկ Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 90%-ով՝ հասնելով կիսամյակի ընթացքում «իր պատմական առավելագույնին»:Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է նախօրեին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման արդյունքներով: «Մենք այսօր քննարկել ենք նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառության աճի էական հաջողությունները: Դա ուղիղ պատասխան է այն թերահավատներին, ովքեր կանխագուշակում էին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի տա Հայաստանին ոչ մի առավելություն»,- ասել է ՀՀ նախագահը:Նա համոզվածություն է հայտնել, որ կողմերը կկարողանան պահպանել եւ զարգացնել այդ դինամիկան, քանի որ երկու երկրների միջեւ առկա առեւտրատնտեսական ներուժն այսօր ոչ լիարժեք է օգտագործվում: ՀՀ նախագահն ընդգծել է, որ այս ընթացքում տեղի են ունեցել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ինտենսիվ փոխայցելություններ: «Եվ, սկզբունքորեն, մենք չունենք որեւէ լուրջ խնդիր երկկողմ հարաբերություններում, բոլոր հարցերը օպերատիվ կերպով լուծվում են»,- ասել է Սերժ Սարգսյանը:ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների մասին, նշել է, որ անցած տարվա տվյալներով՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 10%-ով: «Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հուսով եմ, որ այս դրական դինամիկան կպահպանվի»,- ասել է ՌԴ նախագահը:Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է: Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ 2015թ. երկկողմ առեւտրաշրջանառությունը փոքր-ինչ նվազել էր՝ շուրջ 11%-ով, ինչը ՌԴ նախագահը պայմանավորել է գլոբալ ֆինանսական շուկաների անբարենպաստ իրադրությամբ: Նա հավելել է, որ այս ուղղությամբ արդեն նկատվում է դրական դինամիկա:«Էականորեն՝ 86%-ով, ավելացել են Հայաստանից Ռուսաստան պարենային եւ գյուղատնտեսական մթերքների մատակարարման ծավալները: Ամրապնդվում է ներդրումային փոխգործակցությունը, Հայաստանի տնտեսությունում ռուսական կապիտալի ներդրումների կուտակված ծավալը գերազանցել է $4 մլրդ-ը, ինչը կազմում է Հայաստանի օտարերկրյա ներդրումների 40%-ը»,- ասել է Վլադիմիր Պուտինը:ՌԴ նախագահի խոսքով՝ Հայաստանում գործում է մոտ 1,3 հազ. ռուսական ընկերություն, որոնք հիմնականում գործունեություն են ծավալում գազի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, ֆինանսների ոլորտում: Որպես Հայաստանում խոշոր ներդրողներ նա առանձնացրել է «Գազպրոմ»-ը, «Ռոսատոմ»-ը, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն: Tweet Դիտում՝ 3649