ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ»-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում ու իրացման ցանցում եւ մի շարք խախտումներ հայտնաբերել:ՍԱՊԾ տարածած հաղորդագրության համաձայն՝ ստուգումների շրջանակում իրականացված լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ հուլիսի 21-ի եւ 22-ի արտադրության «Կեսար», «Մայրաքաղաքային», «Սմբուկով», «Բրնձով-կրաբով», «Հավով-ընկույզով» եւ «Ծովախեցգետնով» աղցանները որոշ մանրէների, իսկ հուլիսի 20-ի արտադրության չանախ «Կալինինո» պանիրը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ եւ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշների անթույլատրելի քանակի պարունակությամբ չեն համապատասխանել Մաքսային Միության սահմանված պահանջներին, ինչով պայմանավորված էլ այդ արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր: Ծառայության կողմից արգելվել է վտանգավոր ճանաչված խմբաքանակների վաճառքն իրացման ցանցում: Տնտեսավարողին հանձնարարվել է նշված սննդամթերքը ոչնչացնել կամ օգտահանել սահմանված կարգով եւ ժամկետներում: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի օգոստոսի 2-ի որոշմամբ՝ կասեցվել է նշված արտադրատեսակների արտադրությունը՝ մինչեւ հայտնաբերված խախտումների վերացումը: Տնտեսավարողին հանձնարարվել է կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումները եւ տարածքները, վերը նշված սննդամթերքի արտադրությունը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք եւ ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշներով: Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչեւ օգոստոսի 15-ը: ՍԱՊԾ-ում նշել են, որ պետական վերահսկողություն կիրանացվի նաեւ խախտումներ ունեցող չանախ «Կալինինո» պանրի արտադրամասում:Ծառայությունը հայտնաբերել է նաեւ մակնշման խախտումներ: Մասնավորապես՝ խմորեղենի, աղցանների, կիսապատրաստուկների եւ կշռածրարված սննդամթերքի մակնշումը թերի է եղել, ինչն արդեն իսկ շտկվել է ստուգումների շրջանակում: Tweet Դիտում՝ 4896