Արդյունաբերության ոլորտում երկնիշ աճ ունենք, ասել է նախարարը

15.07.2016 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ նախարարության մոնիտորինգի արդյունքներով՝ 2016թ. առաջին կիսամյակում արդյունաբերության ոլորտում արձանագրվել է մոտ 10% աճ:

Այս մասին Արծվիկ Մինասյանն ասել է այսօր նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարի ներկայացրած տվյալներով՝ հանքաարդյուանբերության ոլորտում տարվա առաջին 6 ամիսներին աճը կազմել է շուրջ 20%, մշակող արդյունաբերությունում՝ 14%, իսկ էներգետիկայի ոլորտում՝ 12%:

Banks.am-ի հարցին, թե արդյոք այս ցուցանիշները հիմք չեն ՀՆԱ-ի աճի՝ պետբյուջեում ամրագրված 2,2% կանխատեսումը վերանայելու համար, Արծվիկ Մինասյանը նշել է, որ իր ներկայացրած երկնիշ աճը վերաբերում  է միայն արդյունաբերությանը, իսկ գյուղատնտեսության եւ մյուս ճյուղերի ցուցանիշները իրենք «դեռեւս չեն կարող մեկնաբանել»:

Այնուամենայնիվ, նախարարի կարծիքով՝ տնտեսական աճն այս տարի կլինի ավելին, քան ակնկալվում էր:

«Այս առումով իմ սպասելիքները դրական են: Հայաստանի՝ ԵԱՏՄ մտնելու առաջին շրջանում առաջացած որոշակի շփոթն այժմ աստիճանաբար հաղթահարվում է, եւ մեր տնտեսվարողներն առավել հարմարվում են նոր ստեղծված իրողությանը՝ ակտիվացնելով իրենց գործունեությունը: Անշուշտ, առկա են նաեւ կասեցնող գործոններ, մասնավորապես՝ Լարսի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը, որի լուծման դեպքում կունենանք ավելի մեծ արդյունք, քան կանխատեսվում էր»,- նշել է նախարարը:

Նա ընդգծել է, որ ՀՀ տնտեսությունը դեռեւս շարունակում է կախված մնալ օտարերկրյա դրամական փոխանցումներից, ինչը խանգարում է ներքին պահանջարկի վերականգնմանը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ներկայում ՀՀ Կենտրոնական բանկի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում ՝տնտեսության հիմնական սուբյեկտների վարկային բեռը թեթեւացնելու եւ նրանց նկատմամբ կիրառված տույժ-տուգանքները նվազեցնելու նպատակով:

Նախարարը տեղեկացրել է, որ իրենք աշխատանքներ են իրականացնում նաեւ ՀՀ ներմուծվող ապրանքները (այդ թվում՝ թուրքական) տեղական արտադրությամբ փոխարինելու ուղղությամբ:

«Մենք Թուրքիայից ներմուծում ենք շուրջ 700 անուն ապրանք: Դրանցից ընտրվել են այն 50-ը, որոնք հումքային չեն, չունեն սոցիալական խիստ զգայունություն եւ ներկայում արտադրվում են նաեւ ՀՀ-ում: Այս ապրանքների գծով նախատեսվում է իրականացնել քննարկումներ եւ սահմանել որակի խիստ վերահսկողություն»,- հայտնել է նախարարը:

Ընդհանուր առմամբ, Արծվիկ Մինասյանը ՀՀ այսօրվա տնտեսական իրավիճակը բնորոշել է մինչեւ ԵԱՏՄ մուտքն ունեցած դիրքերի «վերականգնում», իսկ զարգացման մասին, նրա խոսքով, դեռեւս վաղ է խոսել:

Դիտում՝ 3885
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW