Կայացել է Արարատբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը

17.06.2016 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանում կայացել է Արարատբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. բանկի գործունեության արդյունքները եւ քննարկվել հետագա ծրագրերը:

Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի խոսքով՝ 2015թ. բանկին հաջողվել է իրականացնել իր առջեւ դրված հիմնական խնդիրները՝ «սովորելով աշխատել ծանր ժամանակներում»:

«Չնայած արտաքին եւ ներքին ոչ բարենպաստ միջավայրին՝ բանկը կատարել է 2015թ. իր առջեւ դրված խնդիրները՝ ապահովելով 942 մլն դրամի շահույթ, ավելացնելով շուկայի իր մասնաբաժինն ու բարելավելով դիրքերը նաեւ այլ երկրներում»,- նշել է Աշոտ Օսիպյանը:

Նրա խոսքով՝ բանկի երեք մասնաճյուղերում արդեն գործում են «ֆինանսական սուպերմարկետներ», որտեղ հաճախորդներին մեկ վայրում մատուցվում են բանկային տարատեսակ ծառայություններ, այդ թվում՝ ապահովագրական, ներդրումային, խորհրդատվական: Բանկը պլանավորում է դրանց թիվը հասցնել 12-ի:

Բացի այդ, Արարատբանկը մտադիր է ստեղծել «վիրտուալ» մասնաճյուղեր՝ զարգացնելով մոբայլ եւ ինտերնետ բանկինգ ծառայությունները, որոնց միջոցով 2015թ. իրականացվել է շուրջ 120 մլն գործարք:

«2016թ. ակնկալում ենք ստանալ 500 մլն դրամի շահույթ: Սա ավելի քիչ է, քան նախորդ տարվա ցուցանիշը՝ պայմանավորված բանկի պահպանողական քաղաքականությամբ, որը ենթադրում է ռիսկերի լուրջ կառավարում: Մեր առաջնային խնդիրն է ապահովել բանկի կայունությունը եւ զերծ պահել նրան շուկայում առկա ռիսկերից»,- ասել է Աշոտ Օսիպյանը:

Հայաստանի Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանն էլ կարեւորել է Արարատբանկի դերը ՀՀ բանկային համակարգում՝ նշելով, որ այն առաջինն է ՀՀ շուկայում դարձել բաց բաժնետիրական ընկերություն, ինչպես նաեւ թողարկել նոր ֆինանսական գործիք՝ կորպորատիվ արժեկտրոնային պարտատոմս:

«2007-ից ի վեր բանկը մշտապես եղել է արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից՝ վերջերս իրականացնելով իր պարտատոմսերի արդեն 11-րդ թողարկումը: Այն, մի կողմից, թույլ է տալիս ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ եւ ուղղել դրանք տնտեսության վարկավորմանը, մյուս կողմից՝ հաճախորդներին ներկայացնել խնայողությունների պահպանման այլընտրանքային ձեւեր»,- նշել է Սամվել Ճզմաչյանը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն էլ նշել է, որ Արարատբանկը վերջին տարիներին արձանագրել է շոշափելի աճ՝ վերջին հինգ տարիներին ավելացնելով ընդհանուր ակտիվները տարեկան շուրջ 16%-ով, իսկ ավանդների ու վարկերի ծավալը՝ ավելի քան 20%-ով:

«Արարատբանկը՝ իր թիմի եւ ղեկավար կազմի հետեւողական աշխատանքի շնորհիվ, այսօր զբաղեցնում է իր ուրույն տեղը շուկայում՝ հավակնելով լինել լավագույններից մեկը»,- նշել է նա:

Նշենք, որ Արարատբանկն այսօր հայտարարել է նաեւ 8,5 մլրդ դրամով կապիտալը համալրելու որոշման մասին:

Դիտում՝ 7752
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW