Fitch Ratings միջազգային հեղինակավոր վարկանշային գործակալությունն այսուհետ վարկանիշներ կշնորհի նաեւ հայաստանյան ընկերություններին:Այս մասին հայտարարվել է այսօր Երեւանում առաջին անգամ կայացած Fitch Ratings-ի համաժողովի ժամանակ:«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանի խոսքով՝ Հայաստանում գործող ընկերությունների մոտ արդեն անհրաժեշտություն է առաջանում վարկանիշ ունենալու, քանի որ մեր շուկաները սկսում են բացվել միջազգային ներդրողների համար, իսկ վերջիններս ինքնուրույն չեն իրականացնում ընկերության գնահատում եւ վարկանշավորում: «Անհրաժեշտություն է առաջանում է անկախ, միջազգային փորձ ունեցող վարկանիշային կազմակերպության, որը կգնահատի առանձին ընկերությունների իրավիճակն ու այն կներկայացնի հանրությանը: Վարկանիշն ինքնին չի փոխարինում աուդիտին կամ ստուգումներին, այլ նպատակ ունի ներդրողների մոտ վստահություն ապահովել»,- ընդգծել է Կոնստանտին Սարոյանը:Նրա խոսքով՝ կոնֆերանսի հիմնական նպատակն է հանրությանը, մասնավորապես՝ կորպորատիվ հատվածին ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում վարկանշավորումը, ինչ գործընթաց է այն ենթադրում, որքանով է ծախսատար եւ ինչ կտա այն ընկերություններին՝ իրենց նպատակներին հասնելու գործում:Բորսայի տնօրենն ընդգծել է վարկանշավորման կարեւորությունը ՀՀ բանկային համակարգի համար:«Բանկերն առաջին հերթին պետք է դիմեն վարկանշավորման համար, քանի որ նրանք աշխատում են բազմաթիվ միջազգային գործընկերների հետ, արտերկրից ներգրավում են մեծաքանակ միջոցներ եւ գնալով ավելի բաց են դառնում հանրության համար՝ թողարկելով հանրային գործիքներ՝ պարտատոմսեր, բաժնետոմսեր եւ այլն»,- նշել է նա:ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն էլ նշել է, որ Հայաստանում առկա է վարկանշավորման նկատմամբ հետաքրքրություն, եւ որոշ մասնավոր ընկերություններ արդեն դիմել են Fitch-ին՝ վարկանիշ ստանալու համար: Ներսես Երիցյանը սակայն հրաժարվել է հանրայնացնել այդ ընկերությունների անունները՝ նշելով, որ նրանք իրենք կհայտարարերեն այդ մասին, երբ պատրաստ լինեն:«Վարկանշավորումը վստահության կառուցման գործընթաց է: Բոլորս էլ զգում ենք միջազգային կապիտալի շուկաներին հասանելիություն ստանալու պահանջը: Սա է պատճառը, որ արդեն 2-3 տարի է, ինչ ԿԲ-ն աշխատանքներ է տանում համաշխարհային ճանաչում ունեցող վարկանշային ընկերությունների հետ»,- ասել է Ներսես Երիցյանը:Fitch Ratings-ի ֆինանսական ինստիտուտների ավագ տնօրեն Օլգա Իգնատեւան էլ հայտնել է, որ գործակալությունը, Հայաստանի տնտեսությանը վարկանշավորելու հետ մեկտեղ, արդեն իսկ վարկանշավորել է երկու հայկական բանկերի՝ Ամերիաբանկին եւ Արդշինբանկին: «Հայաստանի դեպքում վարկանիշներն արտացոլում են այն ռիսկերը, որոնք բանկերը կրում են՝ գտնվելով ՀՀ տնտեսական միջավայրում: Դրանց թվում է, առաջին հերթին, դրամի արժեզրկման վտանգը. ՀՀ ավանդների եւ վարկերի հիմնական մասն արտարժույթով է, ինչը բանկերին դարձնում է խոցելի արժութային ռիսկի նկատմամբ»,- նշել է Օլգա Իգնատեւան:Նա հույս է հայտել, որ հայաստանյան ընկերությունները, մասնավորապես՝ բանկերը, ակտիվորեն կկիրառեն վարկանշավորումը՝ կապիտալի շուկաներ մուտք գործելու համար: Tweet Դիտում՝ 21502