Այսօր Երեւանում բացվել է հայ-չեխական գործարար համաժողովը, որին ներկա են եղել նաեւ ՀՀ եւ Չեխիայի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միլոշ Զեմանը:Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ արդեն ավանդական դարձած համաժողովը կնպաստի տնտեսական կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ չեխ գործարարների կողմից Հայաստանի` որպես հնարավորությունների երկրի բացահայտմանը:Սերժ Սարգսյանն ասել է, որ այսօր Հայաստանում գործում է չեխական կապիտալով շուրջ 20 ընկերություն՝ «Չեխ Ավտոն», «Շանտանը», բոհեմական հախճապակի ներմուծող «Պրահա»-ն եւ այլն: Ներդրումների ներգրավման տեսանկյունից ՀՀ նախագահը կարեւորել է հատկապես երկու գործոն՝ կայունությունը եւ տնտեսական շահը՝ ընդգծելով, որ Հայաստանում այդ առումով ստեղծված են բոլոր նախադրյալները։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր մակրոտնտեսական կայունությունը Հայաստանի համար մշտապես եղել է գերակա ուղղություն:«Մեր օրերում անհնար է պատկերացնել օտարերկրյա ներդրումների ներգրավումն առանց երկրի քաղաքական կայունության ու կանխատեսելիության: Ի դեպ՝ քաղաքական կայունություն ասելով, ի տարբերություն տարածաշրջանի որոշ երկրների, մենք հասկանում ենք առաջին հերթին ժողովրդավարական կայունություն՝ հիմնված մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության վրա, ինչը թույլ է տալիս երկիրը զերծ պահել քաղաքական ցնցումներից՝ չվտանգելով, իհարկե, նաեւ ներդրումների ապագան: Այդ նպատակին էին ուղղված նաեւ սահմանադրական բարեփոխումները մեր երկրում»,-ասել է ՀՀ նախագահը:ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի եւ մի շարք այլ երկրների կողմից տրամադրվող արտոնյալ առեւտրային ռեժիմների շնորհիվ, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանը հնարավորություն ունի զրոյական կամ էապես իջեցված մաքսատուրքերով հայկական ծագում ունեցող ապրանքներն արտահանել այս շուկաներ:«Մենք վստահ ենք, որ մեր երկրի զարգացման կարեւորագույն գրավականն են որակյալ կրթության խթանումը եւ մարդկային ներուժը, ուստի մենք մեծ տեղ ենք հատկացնում դրանց: Մենք ունենք որակյալ, կրթված եւ ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին հարմարվելու առումով ճկուն աշխատուժ»,-ասել է ՀՀ նախագահը: Tweet Դիտում՝ 3236