Ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը կարծում է, որ «ռուսաստանյան տնտեսությունը պարզորոշ հեռանկարներ չունի»: Այդ մասին նա ասել է РБK Daily թերթին տված հարցազրույցում: Հրայր Սիմոնյանը մասնակցել է Ռուսաստանում ներդրումային բանկինգի ստեղծմանը: Տարբեր տարիներին նա կառավարել է Morgan Stanley-ի ռուսաստանյան բիզնեսը, ղեկավարել է UBS Russia-ի տնօրենների խորհուրդը: «Ռուսաստանյան տնտեսությունը չունի պարզորոշ հեռանկարներ: Արդեն երկար տարիներ ես երկրի ղեկավարությանը մի հարց ունեմ. «Ճգնաժամը հասկանալի է. սակայն ինչպիսի՞ն եք դուք ցանկանում տեսնել Ռուսաստանը 5-10 տարի անց»: Հասկանալի չէ, թե ինչ շարժման ուղղություն ենք մենք բռնել, ինչ տնտեսություն ենք կառուցում եւ որտեղ ենք ցանկանում հայտնվել ապագայում»,- ասել է Սիմոնյանը: Նա նշել է, որ Ռուսաստանում իրավիճակը չի բարելավվի առանց կառուցվածքային բարեփոխումների: «Տնտեսական աճի նախկին շարժիչներն այլեւս սպառված են: Դրանք պետք է փոխարինվեն: Այդ ժամանակ ի հայտ կգա եւ շարժման ուղղությունը, եւ պատկերացումը, թե ինչ արագությամբ կարող է երկիրը զարգանալ: Քանի դեռ այդ ամենը չկա, բոլորս ստիպված ենք հուսալ, որ նավթի գները կսկսեն աճել, եւ բոլորիս վիճակը կթեթեւանա: Սակայն դա խնդրի վերջնական լուծումը չի լինի»,- ասել է ֆինանսիստը: «Վերջին երկու-երեք տարիներին Ռուսաստանում ներդրումային բիզնես չկա: Արտասահմանյան բանկերն այստեղ անելիք չունեն: Մեր առջեւ նորից հարց է առաջանում՝ մնա՞լ, թե՞ չմնալ: Ամեն մեկն իր պատասխանն է գտնում: Որոշ բանկեր լքում են, ինչպես Barclays-ն ու RBS-ն: Ռուսաստանն արդեն այդքան ռազմավարական կարեւորություն չի ներկայացնում, ինչպես 1990-ականներին էր, երբ բանկերը պատրաստ էին սպասել՝ ակնկալելով, որ շուկան կբացվի եւ հսկայական բիզնես կծավալվի»,- ասել է Հրայր Սիմոնյանը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ճանաչում է մի քանի ամերիկյան հիմնադրամների ղեկավարների, ովքեր իրենց միջոցները պահում են ռուսաստանյան թղթերով. «Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է»: «Ռուսաստանում պահվող իմ միջոցների մեծ մասը պարզապես դրված է ավանդների տեսքով՝ լավ տոկոսադրույքներով: Կեսը ես պահում եմ ռուբլիով, կեսը՝ դոլարով: Աշխարհում ոչ մի տեղ ես այդպիսի տոկոսադրույքներ չեմ գտնի: Այն միջոցները, որոնք որպես ավանդ չեմ դրել, ես հիմնականում պահում եմ ռուսաստանյան ընկերությունների եւ բանկերի պարտատոմսերի տեսքով, քանի որ 6-7% դրույքներ ես նույնպես ոչ մի տեղ չեմ գտնի», - ասել է Հրայր Սիմոնյանը: Հրայր Սիմոնյանը ծնվել է 1947թ. Բրեստ քաղաքում (Բելառուս): 1974 -1991 թթ. աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտում: 1998-2012 թթ. եղել է Morgan Stanley-ի ռուսաստանյան գործառնությունների գծով բանկի նախագահը: Tweet Դիտում՝ 11245