ՀՀ-ն ողջունում է չինական կապիտալի ներգրավումն իր տնտեսության մեջ

06.06.2016 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել է հայ-չինական առեւտրաշրջանառությունը՝ հասնելով գրեթե կես միլիարդ դոլարի:

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, այս մասին Հովիկ Աբրահամյանն ասել է Երեւանում՝ Չինաստանի Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի հետ հանդիպմանը:

«Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Հայաստանի տնտեսությունում չինական խոշորամասշտաբ ներդրումների իրականացման ուղղությամբ: Հայկական կողմը ողջունում եւ խրախուսում է չինական պետական եւ մասնավոր կապիտալի ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Հայաստանը բաց է չինական ընկերությունների գործունեության համար եւ պատրաստ է իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ նոր եւ հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:

Գործադիրի ղեկավարը հավելել է, որ չինական ընկերությունները հաջողությամբ մասնակցել են եւ հաղթել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաեւ մի քանի էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներն իրականացնելու մրցույթներում:

Ճան Գաոլին եւս իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ եւ նշել, որ այս ուղղությամբ ձեռքբերումներն ամենեւին էլ առավելագույն սահմանը չեն. առկա է մեծ ներուժ տնտեսական կապերում հետագա հաջողություններ արձանագրելու համար:

Չինաստանի փոխվարչապետն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ համապատասխան քայլեր իրականացնել, նաեւ ֆինանսավորել արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, կրթության եւ այլ ոլորտներում կարճաժամկետ, երկարաժամկետ ու հեռանկարային խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար:

Միաժամանակ, նա նշել է, որ Չինաստանը կարեւորում է Հայաստանի դերը Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացման գործում եւ ավելացրել, որ Հայաստանը կարող է նպաստել Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն:

Չինաստանի փոխվարչապետը կարեւորել է նաեւ երկու երկրների տարածաշրջանների միջեւ կապերի զարգացումը, այդ թվում՝ Աբովյանի եւ Գյումրիի համագործակցությունը չինական խոշոր քաղաքների հետ:

Դիտում՝ 2709
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW