ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կոչ է արել Եվրասիական տնտեսական միության իր գործընկերներին «ամեն ինչ անել, որ միությունը դառնա տնտեսական գործընկերության գրավիչ մոդել»:Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է Աստանայում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ունեցած իր ելույթի ընթացքում: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության մեջ տարածաշրջանային կառույցների դերակատարության բարձրացման ընդհանուր ֆոնին մեր ինտեգրացիան դառնա տնտեսական գործընկերության գրավիչ մոդել, բաց լինի բոլոր շահագրգիռ կողմերի հետ լայն համագործակցության համար»,- ասել է ՀՀ նախագահը:Սերժ Սարգսյանը ողջունելի է համարել ԵԱՏՄ ձեւաչափում Վիետնամի հետ Հայաստանում ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի մոտալուտ վավերացումը, ինչպես նաեւ ԱՍԵԱՆ միավորման մեջ մտնող Կամբոջիայի եւ Սինգապուրի հետ փոխգործակցության իրավական շրջանակների ամրագրումը:Անդրադառանալով Եվրամիության հետ ԵԱՏՄ երկխոսությանը՝ ՀՀ նախագահն ասել է. «Ենթադրում եմ, որ մենք բոլորս միակարծիք ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումների միջեւ համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի առեւտրի, աշխատուժի, ծառայությունների եւ կապիտալի ազատ շրջանառության ապահովման համընկնող նպատակների ձեռքբերմանը: Այն պետք է նպաստի առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձեւավորմանը: Այս համատեքստում կարեւորություն ենք տալիս Եվրոպական հանձնաժողովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությանը»:Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Աստանայում այսօր ընդունված որոշումները պետք է շոշափելի լինեն քաղաքացիների եւ գործարար շրջանակների համար, յուրաքանչյուր գնորդի եւ ծառայության պատվիրատուի համար, «ով իր սեփական օրինակով կզգա ինտեգրացիայի առավելությունները»: «Այս նպատակին հասնելը հնարավոր է գործարարության վրա դրված ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ համաձայնեցված աշխատանքի, տեխնիկական խոչընդոտների վերացման, ԵԱՏՄ ընդհանուր շուկաներ դուրս գալու համար պայմանների ստեղծման միջոցով: Այս համատեքստում կընդգծեմ գազի, նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման հայեցակարգերի ընդունման նշանակությունը»,- ասել է ՀՀ նախագահը:Աստանայում այսօր ԵԱՏՄ անդամ երկրների նախագահները ստորագրել են ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկաների ձեւավորման մասին հայեցակարգը: Tweet Դիտում՝ 3342