Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նվազեցրել է ՀՀ տնտեսական աճի 2017թ. կանխատեսվող ցուցանիշը` 2.8%-ից իջեցնելով 2.5%-ի:Այս մասին այսօր Երեւանում հայտարարել է ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Թերեզա Դաբան Սանչեզը՝ ներկայացնելով «Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները գլոբալ եւ տարածաշրջանային համատեքստում» խորագրով զեկույցը: Միաժամանակ, 2016թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 2.2%:ԱՄՀ-ն ակնկալում է, որ, չնայած առկա մարտահրավերներին (Ռուսաստանի տնտեսության հետագա վատթարացում, հանքահումքային ապրանքների ցածր գներ եւ այլն)՝ Հայաստանի տնտեսությունը շարունակելու է աճել, սակայն ավելի դանդաղ տեմպերով: «Մենք ակնկալում ենք, որ ՀՆԱ-ի աճը Հայաստանում չի գերազանցի 3%-ը, ինչը ցածր է նրա ներուժային մակարդակից: Աճի այս մակարդակի պայմաններում անհնար է բարելավել ՀՀ բնակչության կենսամակարդակը»,- նշել է Թերեզա Դաբան Սանչեզը:Նա ընդգծել է, որ Հայաստանում վերջին ամիսներին նկատվել է գների ընդհանուր մակարդակի անկում, ինչը նպաստել է մարդկանց գնողունակության բարձրացմանը, իսկ ՀՀ Կենտրոնական բանկին հնարավորություն է տվել լինել ավելի ազատ՝ դրամավարկային քաղաքականության թուլացման հարցում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման տնտեսական հետեւանքներին՝ ԱՄՀ հայաստանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ այն որեւէ ազդեցություն չի ունեցել ՀՀ տնտեսության վերաբերյալ իրենց գնահատականների վերանայման վրա: Tweet Դիտում՝ 4099