Երեւանում քննարկվել են հայ-ամերիկյան գործարար կապերի հեռանկարները

18.05.2016 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր տեղի է ունեցել «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ ներդրումային միջավայրը, առկա ներդրումային հնարավորություններն ու զարգացման հեռանկարները:

Մեկօրյա գործարար համաժողովը կազմակերպել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, Հայ-ամերիկյան առեւտրային պալատը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Կոնվերս Բանկը:

«Որպես դեսպան՝ իմ գերակա խնդիրներից մեկը երկկողմ տնտեսական կապերի զարգացումն է: ԱՄՆ դեսպանատունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ աշխատանքներ է տանում՝ երկրների միջեւ առեւտրային կապերի ամրապնդման ուղղությամբ, ինչը փոխշահավետ է երկու երկրների տնտեսությունների համար»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կարեւորել է այս համաժողովը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է՝ քննարկելու ոչ միայն հայ-ամերիկյան գործարար հնարավորություններն ու հետագա կապերը, այլեւ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները, որոնց լուծումից է կախված ՀՀ տնտեսության հետագա զարգացումը:

Արծվիկ Մինասյանն ընդգծել է մենաշնորհների դեմ պայքարի անհրաժեշտությունը, որը մեծապես խոչընդոտում է տնտեսության բնականոն զարգացմանը: Նա հիշեցրել է մենաշնորհների դեմ պայքարի վերաբերյալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ օրերս հնչեցրած հայտնի ելույթը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ արդեն կան կոնկրետ հանձնարարականներ:

«Մեր երկրի թիվ մեկ թշնամին անվստահությունն է, հակառակորդը՝ ծրագրային անհետեւողականությունը, իսկ հիմնական պատնեշը՝ մասնագիտական պատրաստվածության պակասը»,- ասել է նախարարը:

Համաժողովի ընթացքում ոլորտի փորձագետները, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՀՀ պետական այլ կառույցների, ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ ֆոնդային բորսայի, ՎԶԵԲ-ի, ԱՄՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները հանդես են եկել ընդհանուր տնտեսության, մասնավորապես՝ ներդրումային միջավայրի վերաբերյալ զեկույցներով:

 

Դիտում՝ 27152

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW