Հայաստանում կմեկնարկի մագիստրոսական նոր ծրագիր՝ «Բանկային մենեջմենթ»

11.05.2016 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի եւ «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա»-ի համագործակցության արդյունքում մշակվել է մագիստրոսական նոր ծրագիր` «Բանկային մենեջմենթ», որը կմեկնարկի 2016թ. սեպտեմբերին:

Banks.am-ի հետ զրույցում «Մալխասյան Քոնսալթինգ»-ի հիմնադիր Արման Մալխասյանը նշել է, որ ծրագրի առանձնահատկությունն այն է, որ  մագիստրատուրայի երկու տարիների ընթացքում ուսանողներն իրենց բակալավրի կրթական ծրագրով ստացած գիտելիքները կլրացնեն եւ կկատարելագործեն ֆինանսաբանկային պրակտիկ գիտելիքներով:

«Երկու կազմակերպությունների բազմամյա փորձ ունեցող մասնագետների մշակած ծրագիրը նպատակ ունի հանրությանը ապացուցել, որ անգամ ներկայիս դժվարին տնտեսական պայմաններում մեր ուսանողները կարող են ավարտելուն պես աշխատանք գտնել ֆինանսաբանկային ոլորտում եւ լինել մրցունակ՝ բանկային ոլորտում մեծ փորձ ունեցող աշխատակիցների շրջանում»,- ասել է Արման Մալխասյանը:

Նրա փոխանցմամբ` ուսումնառության ընթացքում մասնագիտական խոր պրակտիկ գիտելիքներից բացի՝ ուսանողներին են ներկայացվելու ՀՀ 19 բանկերում եւ 30 վարկային կազմակերպություններում գործող հաշվապահական ծրագրերը, ինչը նրանց հնարավորություն կտա առաջին իսկ օրվանից աշխատել բանկային տարբեր համակարգերով:

Արման Մալխասյանն ընդգծել է, որ առաջին անգամ Հայաստանում մագիստրատուրայի ուսանողների ստացած գիտելիքները ստուգվելու են եռաստիճան ստուգման համակարգով: Եթե Հայաստանի մյուս բուհերը մագիստրատուրայի ավարտական քննություններն անցկացնում են հենց իրենց բուհի ստուգող հանձնաժողովի կողմից, ապա այս ծրագրի մագիստրոսները կհանձնեն երեք քննություն եւ կստանան հետեւյալ ավարտական փաստաթղթերը՝

- «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա»-ի քննական հանձնաժողովի անցկացրած քննություն, որի արդյունքում տրվում է պետական նմուշի ավարտական վկայական` մագիստրոսի դիպլոմ,

- «Մալխասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի «Թեստային Կենտրոն»-ի համակարգչային քննություն, որի արդյունքում տրվում է բանկային աշխատակցի նվազագույն գիտելիքների համապատասխանության վկայական,

- ՀՀ Բանկերի միության համակարգչային քննություն, որի արդյունքում ՀՀ ԿԲ-ի կողմից ուսանողներին տրվում է բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորման վկայական:

Դիտում՝ 9692
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW