Երեւան, 10 հունվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ասել է, իր Վերահսկողության ծառայության ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ հարկային եւ մաքսային կառույցներում չկա բավարար եռանդ վիճակը կտրականապես փոխելու համար: Նախագահի մամլո գրասենյակից այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են, որ հանդես գալով ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական կոմիտեի այս տարվա հիմնական անելիքներին նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, Ռոբերտ Քոչարյանն ասել է. ՙՉեմ կարծում, թե ճիշտ է անընդհատ վերահսկողության ծառայության կողմից կատարվող ուսումնասիրությունների շնորհիվ հիշեցնել ձեզ, որ այս կամ այն ոլորտում ունենք մեծ ծավալի ստվերային տնտեսություն, եւ ձեր պարտքն է դրա դեմ պայքարել: Ես ծառայությունների ներսում բավարար չափի եռանդ դեռ չեմ տեսնում ստվերային տնտեսության դեմ պայքարի առումով: Կա բարելավում, բայց այն բավարար համարել այսօրվա իրավիճակում մենք չենք կարող: Այս տարի ավելի մեծ պահանջ է լինելու իմ եւ կառավարության կողմից ձեր աշխատանքների որակի նկատմամբ՚, - ընդգծել է երկրի ղեկավարը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը ներկայացրել է տարվա ընթացքում նախատեսվող բարեփոխումները: Ըստ նախարարի, հարկային եւ մաքսային վարչարարության բարեփոխման գործում թիրախ է լինելու ստվերային տնտեսության դեմ պայքարը, ինչի շուրջ միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ արդեն մշակվել է ամբողջական ծրագիր, որը առաջիկայում կսկսի իրականացվել: Լուրջ միջոցառումներ են նախատեսվում նաեւ տնտեսվարող սուբյեկտների հետ շփումները սահմանափակելու, հարկային-մաքսային միասնական ինֆորմացիոն համակարգ ստեղծելու ուղղությամբ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8087