ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանին:Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ապրիլի 30-ին կայացած հանդիպման ժամանակ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին՝ համատեղ աշխատանքի եւ իրականացված բարեփոխումների համար: Ներկայացնելով Արմեն Հարությունյանին՝ վարչապետը հիշեցրել է, որ նա աշխատել է ԴԱՀԿ-ում եւ համոզմունք հայտնել, որ ձեռք բերած փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի կառույցի գործունեության արդյունավետության բարձրացման եւ բարեփոխումները շարունակելու գործին: Արմեն Հարությունյանն էլ ընդգծել է, որ քաջ գիտակցում է ԴԱՀԿ-ի առջեւ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները եւ վստահություն հայտնել, որ օրենսդրական դաշտի եւ իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման միջոցով հնարավոր կլինի էլ ավելի բարձրացնել ԴԱՀԿ ապահովող ծառայության գործունեության արդյունավետությունը:Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի վերջից Արմեն Հարությունյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի ռեֆերենտի պաշտոնը:Արմեն Հարությունյանը ծնվել է 1973թ. օգոստոսի 6-ին: 1990-1995 թթ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը, 1996-1999 թթ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան: Ուսանել է Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոցում, Բերկլիի համալսարանի իրավաբանական դպրոցում, Սանտա Կլարայի համալսարանի իրավաբանական դպրոցում: 2009-2014 թթ. եղել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդականը` իրավական հարցերով, 2014թ.՝ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեսչական եւ վերլուծական բաժնի պետը, իսկ 2014թ. հուլիսից ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալն էր:Արմեն Հարությունյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է: Tweet Դիտում՝ 4131