ՏՄՊՊՀ-ում կոչ են արել բացառել ՀՀ արտահանողների համար խոչընդոտները ՌԴ-ում
14.04.2016 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ասել է, որ մանրածախ ոլորտի հայկական ընկերությունները ռուսական շուկա մուտք գործելիս հանդիպում են խոչընդոտների:
Այս մասին Արտակ Շաբոյանն ասել է Երեւանում՝ ԵԱՏՄ եւ ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության նիստի ընթացքում, որին մասնակցել են 30-ից ավելի պաշտոնյաներ ԱՊՀ եւ ԵԱՏՄ երկրներից:
«Մի շարք հայկական ընկերություններ դժգոհում են, որ Ռուսաստանի տարածքում առեւտրային ցանցերը հաճախ խոչընդոտում են իրենց մուտքը մանրածախ առեւտրի ոլորտ»,- ասել է Արտակ Շաբոյանը:
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով` մատակարարները հայկական ընկերությունների հետ անմիջականորեն աշխատելու փոխարեն նախընտրում են ապրանքները ձեռք բերել տեղական դիստրիբյուտորական ընկերությունների միջոցով: Այս միջնորդները, ավելացնելով իրենց մարժան, բարձրացնում են հայկական արտադրանքի վերջնական գինը ՌԴ տարածքում:
Բացի այդ, Արտակ Շաբոյանի բնորոշմամբ, խտրական վերաբերմունք են ցուցաբերում մի շարք խոշոր առեւտրային ցանցեր, որոնք կամայականորեն իջեցնում են ձեռք բերվող ապրանքների գները, երկարացնում ապրանքի դիմաց վճարման ժամկետները եւ այլն:
ՏՄՊՊՀ նախագահն ընդգծել է, որ առեւտրային ցանցերի կողմից դրսեւորվող նման վարքագիծը ոչ միայն անբարենպաստ պայմաններ է ստեղծում, այլեւ անորոշ իրավիճակի մեջ է դնում ՀՀ արտահանողներին:
«Համատեղ ջանքերով պետք է կանխարգելենք այս երեւույթները, քանի որ արտահանման խոչընդոտները լուրջ խնդիրներ են ստեղծում երկկողմ տնտեսական զարգացման հնարավորությունների առումով»,- նշել է ՏՄՊՊՀ նախագահը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: