Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրում է €5.5 մլն վարկ՝ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարման ժամանակակից լուծումներ կիրառելու նպատակով: ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ վարկի գումարը բաղկացած է նախկինում կնքված համաձայնագրի շրջանակում €3.5 մլն գումարից եւ ՎԶԵԲ-ի նոր սուվերեն վարկից՝ լրացուցիչ €2 մլն-ի չափով: Լրացուցիչ €2 մլն-ը հնարավորություն կընձեռի ընդլայնել Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի աշխարհագրական շրջանակը՝ ներառելով հարակից Գեղարքունիքի մարզը: Ծրագրի միջոցներով կֆինանսավորվի ՀՀ-ում առաջին՝ Եվրոպական Միության չափանիշներին համապատասխանող կոշտ կենցաղային թափոնների աղբավայրի շինարարությունը Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարման խնդրի միասնական լուծումն ապահովելու նպատակով: Նոր աղբավայրը գտնվելու է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում եւ կառավարվելու է 12 մասնակից քաղաքապետարանների՝ Հրազդանի, Աբովյանի, Չարենցավանի, Ծաղկաձորի, Բյուրեղավանի, Եղվարդի, Նոր Հաճնի, Սեւանի, Մարտունու, Գավառի, Վարդենիսի եւ Ճամբարակի քաղաքապետարանների կողմից:Ակնկալվում է, որ աղբավայրը կապահովի խոշոր բնապահպանական եւ սոցիալական օգուտներ մոտ 500 հազ. մարդկանց համար ծրագրի սպասարկման տարածքում: «Այս ներդրումը զգալի օգուտներ կբերի շրջանի բնակիչներին եւ շրջակա միջավայրին եւ կօգնի բարձրացնել վերամշակման առավելությունների մասին հանրության իրազեկվածությունը: Մենք շնորհակալ ենք հզոր աջակցության համար մեր դոնորներին, ում համար, ինչպես եւ մեր, արդիականացումն ու շրջակա միջավայրի պաշտպանությունը միշտ շարունակում են առաջնահերթ մնալ»,- ասել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը: Tweet Դիտում՝ 13814