ՀՀ կառավարությունը թույլատրել է իրանական «Սաներջի» ընկերությանը գործունեություն իրականացնել Մեղրիի եւ Ագարակի համայնքներում՝ գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման նպատակով:«Սաներջի»-ին լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվությունը ՀՀ կառավարությունը տրամադրել է այսօրվա նիստում: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի փոխանցմամբ՝ որոշումը բխում է Իրանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրից, որի շրջանակում Իրանը համաձայնել էր ՀՀ-ին տրամադրել $2 մլն դրամաշնորհ՝ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հուշագրի համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել հուշագրի շրջանակում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման եւ ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի եւ այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը: Նախարարը նշել է, որ ծրագրի նախագծման աշխատանքներն ավարտվել են, եւ 2015թ. հոկտեմբերից իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը: Ծրագրի գլխավոր կապալառու «Սաներջի» ընկերության կողմից շարունակվել եւ ավարտվել են Իրանից համապատասխան սարքերի, սարքավորումների եւ նյութերի մատակարարումները: Աշխատանքների իրականացման ժամանակացույցի համաձայն՝ շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում էր 2016թ., ավարտը` 6-7 ամսվա ընթացքում: Tweet Դիտում՝ 3003