ՀՀ-ն օգտագործում է տնտեսական զարգացման բոլոր շանսերը, ասել է նախագահը

31.03.2016 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը փորձում է օգտագործել տնտեսական զարգացման բոլոր հնարավորությունները` «մի կողմից ապավինելով մեր մրցակցային առավելությանը, որի հենքը մարդկային կապիտալն է, իսկ մյուս կողմից` համատեղելով ինտեգրացիոն տարբեր գործընթացներ»:

Այս մասին ՀՀ նախագահն ասել է մարտի 30-ին՝ ելույթ ունենալով Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում:

«Ակնհայտ է, որ Հայաստանի փոքր շուկան, որքան էլ որ երկրի տնտեսական միջավայրը ազատականացված, իսկ ֆինանսական համակարգը առողջ լինի, արտաքին խոշոր տնտեսական գործընկերներին հետաքրքիր լինելու համար պետք է ինտեգրված լինի առավել մեծ տնտեսական համագործակցության ձեւաչափերում: Այս իրողությունը հստակ գիտակցելով՝ մենք անդամակցել ենք Եվրասիական տնտեսական միությանը:
Անշուշտ, մեզ դա չի խանգարում բնականոն կերպով ընդլայնել մեր համագործակցության օրակարգը ԵՄ-ի հետ, այդ թվում՝ խոր գործակցություն ծավալել տնտեսական բարեփոխումների ոլորտում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա Հայաստանի համար դրական զարգացում է համարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ նշելով, որ դա «նոր հնարավորություններ է բացում Հայաստանի գործարարների համար լավ ճանաչելի 77-միլիոնանոց շուկայում»:

«Հարեւան պետությունների հետ փորձում ենք էներգետիկ եւ տրանսպորտային համատեղ ծրագրեր առաջ տանել: Նախաձեռնել ենք մի շարք տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծեր. մեր երկրի հյուսիսը հարավին կապող ժամանակակից մայրուղի ենք կառուցում, իրանական կողմի հետ քննարկում ենք ՀայաստանԻրան երկաթգծի շինարարության վերաբերյալ հարցերը, ակտիվ ներգրավված ենք ԵԱՏՄ-«Մետաքսի ճանապարհ» համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման գործընթացում: Նման նախաձեռնություններով Հայաստանը փորձում է մեղմել իր արեւելյան եւ արեւմտյան հարեւանների կողմից տասնամյակներ շարունակ իրականացվող ապօրինի շրջափակման վնասները»,- նկատել է նախագահը:

Անդրադառնալով «տնտեսական դիվանագիտություն» երեւույթին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ այն քաղաքական շանտաժի գործիք չի կարող լինել:

«Տնտեսական դիվանագիտությունը զարգացման գործիք է, համագործակցության, ինտեգրման գործիք է: Տնտեսական համագործակցությունը, հատկապես հակամարտության գոտիներում, վստահության կառուցման լավագույն հնարավորություններից է, ինչը դեպի խաղաղություն տանող ամենակարճ ճանապարհն է: Եվրոպայի պատմությունը մեզ համար դրա լավագույն օրինակն է»,- նշել է ՀՀ նախագահը:

Դիտում՝ 2545
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW