ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նախօրեին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսին:Ինչպես հաղորդում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ այս հանդիպումը հնարավորություն է «խոսելու նաեւ ցավոտ հարցերից» եւ մանրամասն անդրադարձել է մի շարք խնդիրների, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում: Կարեւորվել է համագործակցությունը` կառույցի եւ նախարարության կողմից իրականացվող ծրագրերի փոխհամաձայնեցված, կոորդինացված գործունեության առումով:Հանդիպման առանցքում են եղել նաեւ կապիտալի շուկաների զարգացումն ու տեղական արժույթով ֆինանսավորման խթանման հարցերը: «Ունենալով օրենսդրական լիազորություն առեւտրի եւ շուկաների պետական կարգավորման բնագավառում, մեր նախարարության կարեւոր խնդիրներից մեկը այսօր կապիտալի շուկայի թերզարգացվածության վիճակի փոփոխությունն է: Ցավոք, Հայաստանում չի ձեւավորվել կապիտալի արդյունավետ շուկա, մինչդեռ դա շուկայական տնտեսության առաջին հիմնական գրավականն է: Այս ուղղությամբ նախարարությունը նաեւ մեծածավալ գործունեություն է նախատեսում իրականացնել` ապրանքային եւ ածանցյալների շուկաների նոր օրենսդրություն մշակելու եւ կյանքի կոչելու առումով»,- ասել է Արծվիկ Մինասյանը: Կիսելով մտահոգությունները բարձրացված հարցերի շուրջ՝ Մարկ Դեյվիսը հավաստիացրել է ՎԶԵԲ-ի պատրաստակամությունը համագործակցությունը խորացնելու հարցում: Նա կարեւորել է նաեւ մասնավոր հատվածի հետ տարվող աշխատանքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՓՄՁ-ի զարգացմանը, Հայաստանի ներդրումային միջավայրի բարեփոխումներին ուղղված քայլերի վերաբերյալ: Արծվիկ Մինասյանը նշել է, որ վերամշակվում է «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը: Նոր նախագծով օտարերկրյա ներդրողների համար առավել բարենպաստ պայմաններ են ստեղծվում: Անդրադարձ է եղել 2016թ. հոկտեմբերին Նյու Յորքում նախանշված «Հայաստան. ներդրումային համաժողով» միջոցառմանը, որի հաջող իրականացման համար Հայաստանի զարգացման հիմնադրամը անելիքներ ունի: Այս առնչությամբ կարեւորվում են բոլոր այն ծրագրերը, որոնք կներկայացնեն ՀՀ մրցակցային առավելությունները՝ այդպիսով խթանելով նաեւ օտարերկրյա ներդրումները Հայաստանում: Tweet Դիտում՝ 2629