ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
29.03.2016 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.25%:
Ինչպես նշում են ԿԲ-ում, այս տարվա փետրվարին արձանագրվել է 1.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.1%-ի դիմաց: Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել եւ ամսվա վերջին կազմել է -1.7%՝ գերազանցապես պայմանավորված ներմուծված պարենային ապրանքների գների նվազմամբ:
Արտաքին հատվածում պահպանվել են համաշխարհային տնտեսության դանդաղ աճի միտումները եւ միջազգային ապրանքային շուկաներում ձեւավորված գնանկումային միջավայրը: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին ներքին գների վրա կպահպանվի արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցությունը:
ԿԲ-ում նշել են, որ հունվար-փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը փոքր-ինչ գերազանցել է սպասելիքները՝ կազմելով 4.7%, որին հիմնականում նպաստել է արդյունաբերության ճյուղում եւ ծառայությունների մասով գրանցված բարձր աճը:
Հաղորդագրության համաձայն՝ չնայած առաջին եռամսյակի ընթացքում ԿԲ-ն եւ կառավարությունը շարունակել են իրականացնել խթանող քաղաքականություն, ներքին պահանջարկը դեռեւս պահպանվում է ցածր մակարդակում: Միեւնույն ժամանակ, տարեսկզբին դիտվել է տեղական ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի եւ արտահանման զգալի աճ, ինչն ամբողջությամբ չեզոքացրել է համախառն պահանջարկի վրա ներքին թույլ պահանջարկի ազդեցությունը:
«Հետեւաբար, ձեւավորված ցածր գնաճն առավելապես արդյունք է հումքային եւ պարենային հիմնական ապրանքների միջազգային շուկաներից փոխանցված գնանկումային ազդեցությունների, ինչը շարունակում է նպաստել եկամուտների գնողունակության պահպանմանը, կազմակերպությունների ծախսերի կրճատմանը եւ գնաճային սպասումների աստիճանական նվազմանը»,- ընդգծել են ԿԲ-ում:
Այս պարագայում ԿԲ խորհուրդը գտնում է, որ նախորդ տարվա վերջին դրամավարկային պայմանների կտրուկ թուլացումն հիմնականում բավարար է գնանկումային ճնշումները տարվա ընթացքում չեզոքացնելու համար: Ուստի, ներկայումս ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների աստիճանական թուլացումը, որի արդյունքում տարվա երկրորդ կիսամյակից գնաճային միջավայրն աստիճանաբար կընդլայնվի եւ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կմոտենա նպատակային ցուցանիշին:
«Տնտեսական սպասվող զարգացումների, ինչպես նաեւ արտաքին եւ ներքին լրացուցիչ ռիսկերի դրսեւորման բացակայության պարագայում ԿԲ խորհուրդը հետագայում եւս կշարունակի դրամավարկային պայմանների թուլացումը»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Լոմբարդային ռեպոների եւ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9.75% եւ 6.75%:
Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին փոփոխությունը ԿԲ-ն կատարել էր այս տարվա փետրվարի 16-ին՝ 8.75%-ից այն իջեցնելով 8.5%-ի:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: