ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Սեւան Ակվա» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետը հետաձգել 3 տարով: ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ «Սեւան Ակվա»-ն ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է Սեւանա լճում տեղակայել մոդելային ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսություն: Ակնկալվում է, որ տնտեսությունը հագեցվելու է ոլորտում առկա ժամանակակից սարքավորումներով: «Ծրագրի իրականացման արդյունքում տեղական սպառողները հնարավորություն կունենան մշտապես սպառելու բարձրորակ եւ համեմատաբար մատչելի գներով ձկնամթերք, կավելանա ՀՀ-ից արտահանվող ձկնամթերքի ծավալը, կստեղծվեն նոր աշխատատեղեր»,- ասել է Արծվիկ Մինասանը: Նախարարը նշել է, որ ծրագրի իրականացման համար ընկերությունը նախատեսում է ներդնել 1.1 մլրդ դրամ, տարեկան արտադրել 2.22 մլրդ դրամի արտադրանք, որի մեծ մասը կարտահանվի Ռուսաստանի Դաշնություն: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 155 աշխատատեղ, միջին աշխատավարձն ընթացիկ տարում կկազմի 215 հազ., 2017թ.՝ 213 հազ. եւ 2018թ.՝ 193 հազ. դրամ: Tweet Դիտում՝ 3773