ՌԴ դեսպանատան եւ Երեւանում գործող Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի հովանու ներքո անցկացվող «Դու մենակ չես» բարեգործական ակցիայի շրջանակում Առէկսիմբանկի աշխատակիցներն օգնություն են հավաքել սիրիահայ փախստականների համար: Ինչպես նշել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի խորհրդական Ելենա Մարկովան, «Հայերը մի լավ արտահայտություն ունեն` «ցավդ տանեմ», որը համարժեք է ռուսերենի «պինդ կաց, եղբայր, մենք քո հետ ենք» արտահայտությանը, սակայն «ցավդ տանեմ»-ը իր մեջ ընդգրկում է ավելին` սեր, քնքշություն, հոգատարություն, մերձավորին օգնելու, հոգսերը թեթեւացնելու ցանկություն, այսպես ասած` սա մի դարման է ցավ քաշողի համար»: Ելենա Մարկովայի խոսքով` Առէկսիմբանկը մշտապես ուշադրություն է դարձնում բնակչության անապահով խավերի կարիքներին: «Այս անգամ մենք անմիջապես արձագանքեցինք պատերազմական Սիրիայից մազապուրծ եղած հայ փախստականներին օգնելու ռուս-հայկական երիտասարդական միության ակտիվիստների կոչին: Մեզ համար դա իրոք համազգային ակցիա էր, քանի որ մասնակցում էին ոչ միայն բանկի գլխամասային գրասենյակի եւ Երեւան քաղաքի մասնաճյուղերի, այլ նաեւ հանրապետության այլ մասնաճյուղերի աշխատակիցները»,- ասել է Ելենա Մարկովան: Ակցիայի շրջանակում փախստականների 44 ընտանիք բանկի կողմից ստացել է սննդամթերք (պահածոներ, ձավարեղեն, մակարոնեղեն, ալյուր, քաղցրավենիք), մանկական սնունդ, հիգիենայի միջոցներ, ծածկոցներ, հագուստ, կենցաղային տեխնիկա եւ տան պարագաներ: «Ես հպարտանում եմ իմ գործընկերներով եւ շնորհակալ եմ բոլորից, ով արձագանքեց մեր կոչին` ապացուցելով, որ մեր երկրում դժբախտությունը «ուրիշինը» չի լինում: Մենք անկեղծորեն հավատում ենք, որ պատերազմը շուտով կավարտվի եւ բոլորը, ինչպես որ նախկինում, կապրեն հաշտ ու խաղաղ», - ամփոփել է Ելենա Մարկովան: Tweet Դիտում՝ 11689